ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լոռու մարզում հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

Լոռու մարզում հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 24-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել  Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ   Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի  11/5  հասցեում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները  քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են  59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին: Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել  36-ամյա Կարեն Աղաջանյանն ու  34-ամյա Կարինե Աղաջանյանը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև  ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբն ու ոստիկանության Տարոնի բաժնի հերաթապահ խումբը: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզայյին քննչական վարչության քննիչները:  Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ օպերատիվ են գործել և՛ հրշեջները, և՛ Վանաձորի հիվանդանոցի  բժիշկները;  Վերջիններս մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: