երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Lexus-ը մերկասառույցի պատճառով գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Lexus-ը մերկասառույցի պատճառով գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 27-ին, մերկասառույց ճանապարհի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Մաքս Ս.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում՝ բախվելով քարին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ հետաքրքրասեր վարորդները մեքենաները կայանել էին և ճանապարհին ստեղծել էին խցանում, ինչի պատճառով էլ օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների աշխատանքը խոչընդոտվում էր:

Պարեկների գալուց անմիջապես հետո վարորդները ավտոմեքենաները հեռացրեցին դեպքի վայրից:Ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Վթարի մասին ոստիկանության Աբովյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:  

  • Կիսվել: