հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լավ աշխատուժը հիմա երկրում է. Պապիկյանի հանձնարարականը՝ մարզպետներին

Լավ աշխատուժը հիմա երկրում է. Պապիկյանի հանձնարարականը՝ մարզպետներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ հարցրեց, թե այս տարի՝ հատկապես գյուղերում, մարդիկ արտագնա աշխատանքի չեն մեկնել, ինչ պետք է անել, որ այդ մարդկանց աշխատանքն օգտագործվի։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ արդեն իսկ բանավոր հանձնարարական է տվել մարզպետներին։

«Գիտենք՝ որ կան մարդիկ, որ այս փուլում գնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, հիմա այդ մարդիկ ՀՀ-ում են, ուստի խնդրել եմ մարզպետներին բանակցել տարբեր ընկերությունների հետ, որ իրենց շինաշխատանքներում անպայման ներգրավել գոյություն ունեցող որակյալ աշխատուժը։ Այսօր Հայաստանում կա այնպիսի աշխատուժ, որը նախորդ տարի չկար, այսինքն, այն լավ աշխատուժը, որը գնում էր արտերկիր, հիմա Հայաստանում է»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝  բոլոր հնարավորություններն օգտագործելու են, որ այդ մարդկանց մոտիվացնեն կա՛մ իրենց կազմակերպություններով մասնակցեն մրցույթների, կամ գոյություն ունեցող կազմակերպությունների մեջ ներառվեն և մասնակցեն այս տարվա շինարարության աշխատանքներին, որովհետև շինարարական աշխատանքները շատ են, աշխատելու հնարավորություն կա։

Սուրեն Պապիկյանը հայտնեց որ 2019 թ-ին միայն ճանապարհաշինության ոլորտում ունեցել են 12 հազար աշխատակից, հիմնականում ժամանակավոր պայմանագրերով աշխատող, ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ են։ Նրանց աշխատավարձը, ըստ նրա, տատանվել է օրական միջինը 10 հազար դրամ. «Հիմա մի քիչ ցածր կլինի, քանի որ աշխատուժը շատ է, ես կոչ եմ անում կապալառուներին, որ հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, նժարը հնարավորինս չիջեցնեն»:

  • Կիսվել: