Մակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ՝ թագավորություն կատարած այցի շրջանակում, հայտնում է Al Arabiya-ն։
Այցը տեղի է ունենում Եմենի հութիների կողմից Սաուդյան տարածքի դեմ հարձակումների ակտիվացման և էներգետիկ ենթակառուցվածքների ու միջազգային առևտրային ուղիների անվտանգության սպառնալիքների հետնապատկերին։
Մակրոնը Սաուդյան Արաբիա է ժամանել Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայության շրջանակում, որի ընթացքում նա այցելել է նաև Քուվեյթ, ԱՄԷ, Բահրեյն և Կատար։ Թագավորություն այցի նպատակն է աջակցություն հայտնել Էր Ռիադին և շարունակել աշխատանքը ածխաջրածինների մատակարարումների ապահովման և դիվերսիֆիկացման ուղղությամբ։
Ֆրանսիայի նախագահի ժամանումից առաջ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրյոն Al Arabiya հեռուստաալիքին հայտարարել էր, որ հութիների հարձակումները սպառնում են Մերձավոր Արևելքի կայունությանը, մատակարարման համաշխարհային շղթաներին և էներգետիկ անվտանգությանը։ Փարիզը դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի և այլ քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածները, որոնց հետևանքով զոհվել և տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ վիրավորվել է Ֆրանսիայի մի քաղաքացիուհի։ Ֆրանսիան հաստատել է Սաուդյան Արաբիային իր տարածքի և կենսական կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության հարցում աջակցությունը։
Սեպտեմբերին Մակրոնը հայտարարեց Յանբուում՝ Կարմիր ծովի ափին գտնվող Սաուդյան Արաբիայի նավթի արտահանման գլխավոր տերմինալում, էներգետիկ օբյեկտների պաշտպանության համար ֆրանսիական ռազմական միջոցներ ուղարկելու մասին։ Ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ այդ քայլը բացառապես պաշտպանական բնույթ է կրում և կոչված է կանխելու հետագա լարվածության սրումն ու համաշխարհային էներգակիրների գների նոր թռիչքը։
Ֆրանսիան միաժամանակ մասնակցում է Եվրամիության պաշտպանական ծովային Aspides գործողությանը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, որը միտված է քաղաքացիական նավագնացության պաշտպանությանը։ Նեղուցը Կարմիր ծովը միացնում է Ադենի ծոցին և մեծ նշանակություն ունի միջազգային առևտրի և էներգակիրների փոխադրման համար։



