շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի խաղողայգիներում աշխատուժի կարիք կա

ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի խաղողայգիներում աշխատուժի կարիք կա

Մարտունու շրջանի Սոս համայնքն ապրում է իր բնականոն կյանքով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում գյուղը կրել է վնասներ. մի շարք բնակելի տներ մասնակիորեն ավերվել են, վնասվել է նորակառույց դպրոցի համակարգչային սենյակը: Պատերազմական գործողություններից հետո գյուղում վերաբնակեցվել է տասներկու ընտանիք Հադրութից . ևս երեք տուն վերանորոգվում է տեղահանված ընտանիքներին վերաբնակեցնելու նպատակով:

«2020 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն վերաբացվել է գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 175 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 37 երեխա: Ունենք գործող բուժկետ, հանդիսությունների սրահ: Համայնքապետարանի շենքը շատ հին է, գտնվում է անմխիթար վիճակում, վերանորոգման կարիք ունի: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմաբ:Ամառային եղանակներին էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման դեպքում Սոսում ջրի խնդիր չենք ունենա»,- տեղեկացրել է գյուղապետը և հավելել, որ պատերազմից հետո Սոսից տեղափոխվել է մեկ ընտանիք:

Համայնքն 2895,15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունի: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Հ. Գրիգորյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, գյուղատնտեսությունը, խաղողայգիների մշակումը, ինչպես նաև՝ բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:

«Պատերազմից հետո՝ խաղողայգիների մշակման գործընթացը սկսելուն պես, դիմել ենք ղեկավարությանը՝ Ամարասի հովտում գտնվող խաղողայգիները ականազերծելու համար, և ռուս խաղաղապահների կողմից այդ չեզոք տարածքները ականազերծվել են, որի արդյունքում այսօր գյուղի բնակչությունը մշակում է իր հողատարածքները»,-նշել է գյուղապետը՝ ընդգծելով, որ խաղողայգիներում աշխատուժի կարիք կա:

  • Կիսվել: