ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սոսում մշակվել են գյուղին պատկանող բոլոր խաղողայգիները. համայնքը՝ այսօր

Սոսում մշակվել են գյուղին պատկանող բոլոր խաղողայգիները. համայնքը՝ այսօր

ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչները տարվա այս եղանակին գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գյուղում աշխատասեր, սեփական քրտինքով հաց վաստակող ու հայրենիքը սիրող արցախցին է ապրում:

278908867_520707076299812_4753444115132026192_n.jpg (62 KB)

«Մեր համայնքում գրեթե բոլոր տնտեսություններն էլ գարնանացան մշակաբույսեր են ցանել: Խաղողայգիներում աշխատանքը չի էլ դադարել, տղամարդիկ, մեկը մյուսին թև ու թիկունք լինելով, գյուղին պատկանող ողջ խաղողայգիները մշակել են: Վերջին օրերին տեղացած առատ անձրևները չեն խանգարել գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ ընթացքին: Կարելի է ասել՝ տեղումները նույնիսկ նպաստում են, որ գարնանացան մշակաբույսերից ստացված բերքն առատ լինի»,-նշել է համայնքապետը:

279907617_978707306157802_3763172070142496392_n.jpg (59 KB)

Հ. Գրիգորյանի հավաստմամբ՝ Սոսում իր բնականոն գործունեությունն է իրականացնում Արցախյան առաջին գոյապայքարում նահատակված Հայկ Հակոբյանի անունը կրող միջնակարգ դպրոցը, այստեղ ուսուցիչները կրթում ու դաստիարակում են 168 աշակերտների:

280292321_5023075314466742_3773309855008607977_n.jpg (65 KB)

«Մեր դպրոցը և´ շրջանում, և´ Հանրապետությունում բազմիցս աչքի է ընկել: Դպրոցի թիմը սպորտային միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ունեցել և բազմաթիվ հաղթանակներ բերել կրթօջախին: Աշակերտներից շատերն էլ առարկայական տարբեր օլիմպիադաներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Նորակառույց մանկապարտեզ է հաճախում 31 սան: Բուժկետը, համայնքապետարանը ևս իրենց բնականոն գործունեությունն են իրականացնում: Հետպատերազմական ժամանակաշրջանում գյուղի երիտասարդները նոր ընտանիքներ են կազմում, ինչն ապացուցում է, որ արցախցուն ընկճելն ու թևաթափ անելն այդքան էլ հեշտ բան չէ, նույնիսկ անհնար է»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: