Լարսում ՀՀ ներկայացուցիչը բացի Վլադիկավկազից, նստավայր կունենա նաև անցակետում. ՊԵԿ նախագահ
Լարսում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Թանանյանը մոտ օրերս հավանաբար արդեն կգործուղվի, այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Կազմակարպչական հարցեր կան, որոնք պետք է այս ընթացքում իրականացվեն։ Նա նախ պետք է ներկայանա ՌԴ մաքսային մարմիններ։ Ամեն դեպքում, ինչքան մեր ներկայացուցիչը շուտ գնա, այնքան լավ»- ասաց ՊԵԿ նախագահը։
Նա տեղեկացրեց նաև, որ Լարսում ՀՀ ներկայացուցչի նստավայրը լինելու է Վլադիկավկազում, սակայն հայկական կողմի համար ցանկալի է, որ նա նստավայր ունենա նաև հենց անցակետում՝ Լարսում: ՊԵԿ նախագահի փոխանցմամբ, Լարսում ՀՀ ներկայացուցիչն աշխատելու է միայնակ, աշխատակազմ չի ունենալու, սակայն դիվանագիտական կարգավիճակ է ունենալու։
«Նա ի պաշտոնե հյուպատոսին և դեսպանին ներկայացնելու է պարբերական հաշվետվություններ, իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու է նաև ՊԵԿ նախագահին։ Քաղաքացիները բոլոր հարցերով կարող են դիմել նրան, եթե գտնում են, որ Լարսում իրենց իրավունքները խախտվում են», - հավելեց ՊԵԿ նախագահը։
Արամ Թանանյանը Լարսում ՀՀ ներկայացուցիչ նշանակվել էր հունվարի 30-ին կառավարության որոշմամբ: