շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կվերանայվի Փաստաբանների պալատի ներքին կառավարումը

Կվերանայվի Փաստաբանների պալատի ներքին կառավարումը

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով եւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացում` որպես կարեւոր ռազմավարական նպատակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստի ժամանակ:

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է նախատեսում «Փաստաբանության մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում:

Նախաձեռնությամբ, մասնավորապես, առաջարկվում է որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը. նախատեսվում է ստեղծել կարգապահական հանձնաժողով: Ստեղծված հանձնաժողովի որոշումները հնարավոր կլինի բողոքարկել Փաստաբանների պալատի խորհրդում:

Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները, հատկապես՝ հանրային պաշտպանի գործունեության բնագավառում:

Առաջարկվում է նաեւ բացառել պալատի մեկ անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակ ներգրավումը տարբեր մարմիններում՝ բացառությամբ պալատի նախագահի, եթե վերջինս խորհրդի նախագահն է: Պալատի նախագահը եւ խորհրդի անդամները գործունեության ընթացքում պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն:

Վերանայվում է նաեւ պալատի մարմինների անդամների ընտրության կարգը: Նախատեսվում են անվճար անհատույց իրավաբանական օգնության կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանության տրամադրման այլընտրանքային եղանակներ: Կվերանայվի նաեւ փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը:

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ:

  • Կիսվել: