Կրակոցներ Երևանում. կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և ինքնաշեն պայթուցիկ սարք
Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում, գրումէ shamshyan.com-ը:
Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 02 բրիգադը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները (կարմիր բերետները):
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 34-ամյա տղամարդ է, ով ունի բազմաբեկորային վնասվածքներ:



