երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը թշնամանք չի տածում տարածաշրջանային երկրների նկատմամբ և պատրաստ է համագործակցության՝ հանուն կայուն անվտանգության հաստատման։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ «Իրանը չի կարող լռել, երբ որոշ տարածաշրջանային պետությունների տարածքն օգտագործվում է իր ազգային ինքնիշխանությունը խախտելու կամ իր ժողովրդի անվտանգությունը սպառնալու համար»։

Խոսնակը նաև նշել է, որ Պարսից ծոցի որոշ հարևան երկրներ «չափազանց մեծ հույսեր են կապում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետ և վստահում են նրան, իսկ որոշ դեպքերում՝ նաև ակտիվորեն համագործակցում են նրա հետ»։

«Վստահության կառուցումը երկկողմանի գործընթաց է, և Իրանի ողջամիտ ակնկալիքն այն է, որ տարածաշրջանային երկրները չպետք է թույլ տան, որ իրենց տարածքը կամ կառույցները շահագործվեն խոշոր հարևանի դեմ»,- ընդգծել է Բաղային։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին` նա նշել է, որ նեղուցը չի կարող բացվել, քանի դեռ Իրանի դեմ շրջափակումը շարունակվում է։

«Հորմուզի նեղուցը չի կարող վերաբացվել, քանի դեռ շրջափակումը չի վերացվել և Իրանի պահանջները չեն կատարվել», - հայտարարել է Բաղային՝ հավելելով, որ միայն այդ դեպքում կողմերը կարող են քննարկել դիվանագիտական ​​գործընթացի շարունակությունը։

Բաղային նշել է, որ դիվանագիտական ​​գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և որ բանակցությունները հիմնված են Իրանի յոթ փուլից բաղկացած առաջարկի վրա։

 

  • Կիսվել: