երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը քայլ-քայլ Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրելու է ՀՀ սահմանապահ ծառայությանը։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկեցինք կենսաչափական անձնագրերի համակարգը, որը շատ էական և մեծ բարեփոխում է։ Մենք այսօր ներդրել ենք կենսաչափական անձնագրերի ժամանակակից բոլոր պահանջներին և պայմաններին համապատասխանող համակարգ, և այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին։ Իհարկե, այս խնդիրը լուծելու համար բավականին բարդ բարեփոխումների կարիք կա, որովհետև, եթե մենք ուզում ենք, որ վիզաներն ազատականացվեն, դա նշանակում է, որ առնվազն որոշ ուղղություններով մենք պետք է համապատասխանենք Եվրամիության ստանդարտներին։ Հենց այս խնդրի լուծման համատեքստում անհրաժեշտ համակարգերը պետք է բարեփոխվեն, և ես ուզում եմ ասել, որ մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով։ Ի՞նչ է սա ենթադրում, սա ենթադրում է, մասնավորապես, սահմանապահ զորքերի կարգավիճակի որոշակի վերափոխում և այն, որ առնվազն միջնաժամկետում Հայաստանի Հանրապետության բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն Հայաստանի սահմանապահ համապատասխան ծառայության կողմից։

Մենք արդեն Կառավարության ծրագրում էլ այս թեմային անդրադարձ կատարել ենք, և մենք սահուն քայլերով գնալու ենք այս ճանապարհով։ Գիտեք, որ նախկինում մեր սահմանապահ ծառայությունը նույնիսկ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր անցման կետերն է վերահսկել,, բայց արդեն մի քանի տարի Հայաստանի սահմանային բոլոր անցման կետերը վերահսկվում են բացառապես Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից, և մենք, իհարկե քայլ-քայլ, Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությանը, որը նաև բարեփոխումների որոշակի ճանապարհ պետք է անցնի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։   

 

  • Կիսվել: