ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսից տուժած տարբեր ոլորտների մոտ 100 հազար աշխատողի 68-136 հազար դրամ աջակցություն կտրամադրվի

Կորոնավիրուսից տուժած տարբեր ոլորտների մոտ 100 հազար աշխատողի 68-136 հազար դրամ աջակցություն կտրամադրվի

Կառավարությունն արտահերթ նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառումների ծրագիրը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սա վեցերորդ միջոցառման մյուս թիրախն է, բայց սրանով նաև թիրախային ոլորտներ են սահմանված։ «Ոլորտներ ենք սահմանում, որոնք համարում ենք խոցելի կամ տուժած։ Եվ այդ ոլորտների աշխատակիցների համար, որոնք աշխատում են այս պահին, սահմանում ենք օժանդակության վճար՝ մոտավորապես միջին աշխատավարձի չափով»,-  ասաց փոխվարչապետը:

Այսպիսով, միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես՝

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • հանրային սննդի ծառայություններ,
  • զբոսաշրջային ծառայություններ,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ծրագիրը չի վերաբերում այն մաnրածախ առևտրին, երբ վաճառվում է դեղորայք, սնունդ, ոգելից խմիչք ու ծխախոտ։

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ նշեց, որ աջակցության չափը հաշվել են հետևյալ կերպ։ Նշված ոլորտներում վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսների իրենց հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով աջակցություն կտրամադրվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը, ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, այսինքն՝ 136 հազար դրամը։

Ըստ նրա, եթե վերջին երկու ամիսներին աշխատավարձը պակաս է եղել նվազագույն աշխատավարձից, ապա նրանք կստանան վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար։

Անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանվել է աջակցություն։  «Նրանց 2019 թվականի չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կհատկացվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը և ոչ ավելի, քան 136 հազար դրամը»,- նշեց  Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակից ամենաշատը տուժել են տուրիզմի հետ առնչվող ճյուղերը՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները և հանրային սննդով զբաղվողները՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աջակցում են հենց աշխատողներին, գումարը հենց նրանք են ստանալու, այլ ոչ թե նրանց գործատուները։

Վարչապետը հավելեց, որ գումարը տրամադրվելու է նպաստի տեսքով, այսինքն՝ եկամտահարկ չեն պահելու։

Նաիրի Սարգսյանն էլ ասաց, որ ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ ծրագրի բյուջեն կգերազանցի 10 մլրդ դրամը։

Աջակցությունը տրամադրվելու է շահառուի կողմից www.online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

Սույն միջոցառման շրջանակում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվելու են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվելու է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը:

Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվելու է որպես վարձու աշխատող և որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով:

  • Կիսվել: