ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ

Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ անթույլատրելի են հարձակումները ցանկացած ատոմային էլեկտրակայանի դեմ՝ անկախ դրանց գտնվելու վայրից։

«Ուղերձը, որը ցանկանում եմ հղել և որը շատ հստակ ու կարևոր է, այն է, ինչ քննարկվում է ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդում․ որևէ հարձակում որևէ ատոմային էլեկտրակայանի դեմ հնարավոր և ընդունելի չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևի հետ բանակցություններից հետո։

Նա ընդգծել է, որ իր համար որևէ տարբերություն չկա, թե որտեղի ատոմակայանի մասին է խոսքը՝ Զապորոժիեի, Բուշեհրի կամ Կուրսկի։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ գործակալությունն այս պահին չի արձանագրում և չի հաստատում Իրանի Բուշեհրի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումների փաստը։

«Մենք, ինչպես և «Ռոսատոմ»-ը, հետևում ենք Բուշեհրում զարգացող իրավիճակին և բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, քանի որ ցանկացած ատոմային օբյեկտի ֆիզիկական անձեռնմխելիությունը միջուկային անվտանգության բացարձակ առաջնահերթություն է»,- ասել է նա՝ բացարձակ անթույլատրելի համարելով ատոմային օբյեկտների ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ցանկացած ոտնձգություն։

Պատասխանելով Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ հարցին՝ նա հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ ատոմակայանի աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար։

«Որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար՝ ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ատոմային օբյեկտներում, ատոմակայաններում աշխատող մարդիկ, նրանց ընտանիքները, մարդիկ իրենց բնակության և աշխատանքի վայրերում հնարավորինս լավ պաշտպանված լինեն»,- ասել է նա։

Գրոսին նաև նշել է, որ ԱԷՄԳ-ն «լոկ չի հետևում իրավիճակին»։ «Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել այն դժվարությունները, որոնց միջով անցնում են մարդիկ։ Մենք փորձում ենք հասնել խաղաղության»,- ասել է նա։

 

  • Կիսվել: