ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Եվրահանձնաժողովը նախնական կարգով մեղադրել է Meta-ին թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու մեջ

Եվրահանձնաժողովը նախնական կարգով մեղադրել է Meta-ին թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու մեջ

Եվրոպական հանձնաժողովը նախնական կարգով մեղադրել է ամերիկյան Meta կորպորացիային ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքը (DSA) խախտելու մեջ՝ կախվածություն առաջացնող ծառայություններին վերաբերող հետաքննության շրջանակում։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենիեն։

Նրա խոսքով՝ ընկերությունն իրավունք ունի ներկայացնել իր փաստարկները։ Եթե հետաքննության արդյունքներով խախտումները հաստատվեն, Meta-ն կարող է տուգանվել իր տարեկան համաշխարհային շրջանառության մինչև 10 տոկոսի չափով։

Եվրահանձնաժողովում կարծում են, որ Instagram-ի և Facebook-ի ալգորիթմները, ներառյալ ժապավենի անվերջ պտտումը, կոնտենտի ավտոմատ գործարկումը, push-ծանուցումները և անհատականացված առաջարկությունները, նպաստում են հարթակների չափազանց մեծ օգտագործմանը, հատկապես երեխաների շրջանում։

 

Ինչպես հայտնել է Ռենիեն, Meta-ն չի գնահատում նման գործելակերպերի ռիսկերն օգտատերերի հոգեկան և ֆիզիկական առողջության համար և բավարար միջոցներ չի ձեռնարկում դրանք նվազեցնելու ուղղությամբ։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը մատնանշել է Instagram-ում և Facebook-ում օգտատերերի տարիքի ստուգման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը։ Բրյուսելի գնահատմամբ՝ դա կարող է նպաստել երեխաների մոտ տագնապի, դեպրեսիայի և քնի խանգարումների առաջացմանը։

  • Կիսվել: