շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացածների դիահերձման, դիահերձարանների հարցը լուծելու իմ առաջարկները մնացին օդում կախված. առողջապահության նախարարի խորհրդականը՝ պաշտոնից հրաժարվելու պատճառի մասին

Կորոնավիրուսից մահացածների դիահերձման, դիահերձարանների հարցը լուծելու իմ առաջարկները մնացին օդում կախված. առողջապահության նախարարի խորհրդականը՝ պաշտոնից հրաժարվելու պատճառի մասին

ԱԺ-ի կողմից օրերս ընդունված օրենքը, համաձայն որի՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիներին չեն դիահերձի, մասնակի լուծում է տալիս. ինչ-որ չափով ախտաբան-անատոմները ապահովագրված են, բայց թե ինչքանո՞վ են ապահովագրված դատաբժշկական փորձագետները, հայտնի չէ, որովհետև բոլոր այն դեպքերում, երբ, օրինակ, քաղաքացին ունեցել է կորոնավիրուս, բայց մահացել է բռնությունից, պետք է կատարվի դիահերձում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ախտաբան, ախտաբանների ասոցիացիայի անդամ և առողջապահության նախարարի նախկին խորհրդական Փառանձեմ Խաչատրյանը՝ նշելով նաև, որ օրենքը պետք է ընդունեին, բայց միգուցե այլ ձևաչափով, ավելի լայն լուծումներով, պետք է ընթացակարգեր փոխվեին, որովհետև այս ձևով վարակը տարածելու հնարավորություն կա:

«Եթե հաշվի առնենք, որ երկիրը պատրաստ չէ նման պարագայում դիահերձում իրականացնել, նախագիծն ընդունելը միանշանակ ճիշտ էր: Երկրում չկան համապատասխան դիահերձարաններ, որոնք ունեն առանձին կոյուղի, համապատասխան ախտահանիչներ, օդը ֆիլտրելու սարքեր, որ դիահերձարանի օդը չխառնվի շրջակա միջավայրի օդի հետ: Լավ կլիներ, որ ունենայինք այդ պայմաններ ու կատարեինք դիահերձում»,-ասաց նա՝ նշելով, թե օրենքով մինիմալիզացվեց վարակի տարածումը, բայց այլ գերխնդիրներ էլ կան՝ ինչ անել այն դեպքերի հետ, երբ մարդիկ չեն թեստավորվել, բայց մահանում են թոքաբորբից ու տարվում են սովորական ախտաբանաանատոմիական դիահերձման:

«Վտանգը հարաբերականորեն իջավ: Խնդիրն այն է, որ չի բացառվում, որ այսօր էլ լինեն մահեր՝ չհաստատված կորոնավիրուսով, կատարվի դիահերձում, հետո միայն հաստատվի վարակի առկայության փաստը, ինչպես Կոտայքի մարզի բնակչուհու դեպքը, երբ ասացին՝ ինֆարկտ է եղել, դիահերձեցին, հետո պարզվեց՝ մահացած կնոջ ամուսնու և որդու մոտ առկա է կորանավիրուս է: Նմանատիպ դեպքեր էլի կարող են լինել: Ամեն օր ախտաբանները ահազանգում են՝ թոքաբորբով մահացության դեպք է եղել, ի՞նչ անել: Դեռևս անհասկանալի է մնում՝ չթեստավորված, բայց կասկածելի դեպքերի դիահերձումն ինչպե՞ս պետք է կազմակերպվի, որտեղ»,-ասաց ախտաբանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչու՞ է Խաչատրյանը հրաժարվել նախարարի խորհրդականի պաշտոնից, ախտաբանը պատասխանեց, թե եղել են դեպքեր, երբ իր առաջարկները, այսպես ասած, տեղ չեն հասել, օդում կախված են մնացել:

«Խորհրդականի պաշտոնից հրաժավելու պատճառներից մեկն էլ հենց այն է, որ շատ ավելի շուտ պետք է ինձ հետ խորհրդակցեին՝ ինչ անել, ինչպես անել, ինչպես վերազինել: Միգուցե պետք էր քաղաքում գործող 16 դիահերձարաններից մի քանիսը կենտրոնացել միայն կորոնավիրուսից մահացած քաղաքացիների դիահերձման համար: Կարելի էր գտնել մի շարք լուծումներ, բայց այդպես էլ ձայնը լսելի չդարձավ: Օրենքի հետ կապված իմ տեսակետը ներկայացվել է միջնորդավորված՝ գլխավոր դատաբժշկական փորձագետի հետ խորհրդակցություններով: Արդյունքում որոշեցի, որ եթե նախարարությունն անմիջականորեն ինձ նման հարցով չի դիմելու, կարիքը չի տեսնում, ուրեմն՝ գլխավոր ախտաբանն էլ պետք չէ, որովհետև հենց այդ թիրախային պահին էր պետք ինձ դիմել»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ ընդգծելով նաև, որ խորհրդականի պաշտոնից հրաժարվելը պատճառ չի դարձել, որ առաջարկներ չներկայացնի:

«Ազատման դիմում գրելուս հաջորդ օրը ասոցիացիայով առաջարկներով գրություն ենք ուղարկել և՛ Կառավարություն, և՛ նախարարություն»,-նշեց նա: Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ նախարարությունն իրեն խորհուրդների համար չի դիմել, Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում՝ խիստ անձնավորված մոտեցում լինի: Կարծում եմ, որ երկրի համար ճակատագրական պահերին ամձնական հարաբերությունները պարզելու ժամանակը չէ, պետք է ճգնաժամից դուրս գալ, հետո միայն տարաձայնությունները շտկել»:

  • Կիսվել: