Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով են տեղափոխել դատարան՝ նրա կալանավորման հարցը քննելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Պաշտպանի խոսքով՝ նմանատիպ իրավիճակ Խաչատրյանի հետ տեղի էր ունեցել նաև հունիսին, երբ դատարանը երկու անգամ մերժել էր բավարարել նրան կալանավորելու միջնորդությունը՝ նշելով, որ նման առողջական վիճակում անզատության մեջ պահելը կարող է որակվել որպես խոշտանգում:

«Հունիսին ճիշտ նույն կերպ գալիս են Գագիկ Խաչատրյանի մոտ, սավանով բարձրացնում են մահճակալից, տեղափոխում քննչական մարմին, այնտեղ պահում են ճիշտ նույն ձևով, նույն դիրքում, ապա բերում են դատարան՝ կալանավորման: Դատարանը մերժում է միջնորդությունը և որոշման մեջ գրում, որ նման վիճակում կալանավորումը կարող է խոշտանգման հիմքեր պարունակել:

Նույն օրը նրան պետք է ազատ արձակեին ձերբակալությունից, սակայն դա տեղի չունեցավ: Նրան նոր մեղադրանք են առաջադրում՝ ինչ ուզում են և երբ ուզում են, ու նորից պատգարակով բերում են դատարան: Երկրորդ դատավորը նույնպես մերժում է կալանավորման միջնորդությունը և նշում, որ նման վիճակում գտնվող մարդուն անզատության մեջ պահելը կարող է խոշտանգում լինել:

Այսքան ժամանակ սպասեցին, ստացան իրենց ուզած եզրակացությունը՝ ինչ ճանապարհով՝ իրենք գիտեն, և այսօր նորից եկել են նրան ձերբակալելու: Ընդ որում՝ կան թե՛ հին, թե՛ այսօրվա տեսանյութեր: Վստահեցնում եմ ձեզ՝ գրեթե նույն պատկերն է, նույնիսկ նույն մարդիկ, նույն եղանակով․ այս ամենը տեղի է ունեցել այսօր: Այսինքն՝ ոչինչ չի փոխվել: Նրան դարձյալ մեծ դժվարությամբ պատգարակով են բերել»,-նշել է փաստաբանը:

Նա նաև խոսել է Խաչատրյանի առողջական վիճակի մասին: Սարգսյանի խոսքով՝ նախկին նախարարը պահպանում է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունը, սակայն հիվանդության սրացումն ուղեկցվում է սուր ցավերով:

«Ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն նա ունի, բայց երբ վիճակը սրվում է, դա ծայրաստիճան ցավոտ է դառնում: Նրա ողնաշարին տեղադրված է իմպլանտ, որը շարժվել է, և ցանկացած շարժում սուր ցավեր է առաջացնում: Այս ընթացքում նրա վիճակն աստիճանաբար վատթարացել է: Հիմնական հիվանդությունից բացի՝ նա ունի ուսահոդերի պատռվածքներ, և այս ամենը վիրահատական միջամտություն է պահանջում»,- հայտարարել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման փաստերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ. Խ.-ի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում: