ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով վարչապետը հանձնաժողով է ստեղծել․ առաջին նիստը կայացել է

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով վարչապետը հանձնաժողով է ստեղծել․ առաջին նիստը կայացել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: 

որոշումը ստորագրվել է հունվարի 30-ին՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով։ Հանձնաժողովը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ՀՀ վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանը։

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 31-ին հայտարարեց, որ առավոտյան տեղի է ունեցել Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը նախագահել է Ավինյանը:

  • Կիսվել: