Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի գազոններն ասել էի հանեք, մեքենաների համար 5-րդ գոտի ստեղծեք, չեք արել․ Երևանի քաղաքապետ
«Վճարային նոր համակարգի ներդրման մրցույթի և գնման գործընթացի հետ կապված որոշակի հարցեր են առաջացել, կճշտենք և օրվա ընթացքում կներկայացնենք» ,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, զեկուցելով հերթական հանձնարարականը այս մասին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավար Գևորգ Ավետիսյանը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչին է վերաբերում խնդիրը և հիշեցրեց, որ այդ հարցն արդեն երեք շաբաթ է քննարկում են գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, բայց արդյունք չկա:
Ավետիսյանը ստույգ պատասխան չտվեց:
«Պարո՛ն Ավետիսյան ջան, երկու հարց ունեք հանձնարարականով, եթե ես ձեր տեղը լինեի գործակարգավարականին գալուց առաջ մանրամասն կտեղեկանայի, թե ինչ խնդիրներ կան»,-մետրոպոլիտենի տնօրենին դիմեց Երևանի քաղաքապետը:
Գևորգ Ավետիսյանն նշեց, որ հանձնարարել է ստորաբաժանումներին և ճշտելուց հետո գնման գործընթացը կսկսեն:
Քաղաքապետը հակադարձեց. «Երեք շաբաթ է ես էլ եմ հանձարարել, բայց ոչ մի բան չի արվում: Տենց որ պռոստը հանձնարարեմ և հանձնարարականները կատարվի՝ ամեն ինչ իդեալական կլինի»:
Նա հետաքրքրվեց, թե ինչ կոնկրետ խնդիր կա:
Ավետիսյանը հայտնեց, որ մետրոպոլիտենի համապատասխան ստորաբաժանումները կարծիք պետք է հայտնեն և վստահեցրեց, որ շաբաթվա ընթացքում անպայման կպատասխանի:
Հրաչյա Սարգսյանն էլ ավելացրեց, որ հարցն առաջնահերթ է և վաղն անպայման կարծիք հայտնեն, Գևորգ Ավետիսյանն ի պատասխանն ասաց՝ կփորձի:
«Փորձում-փորձում եք՝ ինչ-որ չի փորձվում, չի լինում, առաջ չի գնում»,- նշեց քաղաքապետը և եզրակացրեց, որ մետրոպոլիտենում խնդիր կա:
«Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի համար քննարկեցինք, ասացի, որ գազոնի շերտը հանեք ու աջակողմյան հատված բացենք,գազոնը պետք է պարզապես մի փոքր տեղափոխել։ Այսպես մեքենաների հոսունությունը նորմալ գնալու է, չեն կանգնելու»,- մեկ այլ հարց քննարկելիս ասաց Սարգսյանը, հետաքրքրվելով, ինչ է արվել նշված հատվում 5-րդ գիծ բացելու ուղղությամբ։
Քաղաքապետին տեղեկացրին, որ խնդիրը քննարկվել է տրանսպորտի և գովազդի վարչության պետերի հետ, աշխատանքները կմեկնարեկն այս այս շաբաթ։
«Դա որպես հանձնարական։ Կետային լուծումներ պետք է անել, որ ուղևորահոսքը կարողանանք կազմակերպել»,- ասաց քաղաքապետը։