Կեղծ ութերով Mercedes–ի վարորդը զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ Երևանում իրականացվել է «Ութ՝ չկերար թութ» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ էին ստացել, որ Երևանում ռուսական Օ 888 ՕՕ 888 կեղծ համարանիշներով Mercedes-ը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները ու քանի որ վարորդը իրեն զգում էր ինչպես շշից դուրս եկած անորսալի ջին, Երևանի ՃՈ պետ Խ. Սամվելյանի հանձնարարականով նրա հավանական գտնվելու վայրերում փնտրում և գտնում են վարորդին, ում Mercedes-ը տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Պարզվում է, որ Երևանի ՃՈ պետի ստացած օպերատիվ տվյալները նշված համարանիշների կեղծ լինելու մասին հավաստի էին: Վարորդը, ով երևան քաղաքի բնակիչ, 32 – ամյա Ղևոնդ Բաբայանն է, ենթարկվում է վարչական պատասխանատվության և 1 տարի ժամկետով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից: Երևանի ճանապարհային ոստիկանության «Ութ՝ չկերար թութ» օպերացիայի արդյունքում օրինախախտ վարորդը «ութաթափ եղավ»: