ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Խչոն, երբ վերջին անգամ զանգեց, ասաց՝ մա ջան, քեզի ձիգ կպահես, մենք լավ ենք, երեք օր չեմ զանգի. այդպես էլ չզանգեց. նահատակված Խաչատուր Խաչատրյանի մայրը՝ որդու մասին (լուսանկարներ)

Խչոն, երբ վերջին անգամ զանգեց, ասաց՝ մա ջան, քեզի ձիգ կպահես, մենք լավ ենք, երեք օր չեմ զանգի. այդպես էլ չզանգեց. նահատակված Խաչատուր Խաչատրյանի մայրը՝ որդու մասին (լուսանկարներ)

Խչոն կանգնել է մինչև վերջ, մինչև վերջ պայքարել է իր դիրքերի համար, մինչև վերջ ասել է՝ մենք դիրքերը չենք տալու, սակայն 18-ամյա Գյումրեցի Խաչատուր Խաչատրյանն ընկել է թշնամու տանկի հարվածից:

Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում  նահատակված Խաչատուրի մայր Կարինե Աղաջանյանը Tert.am-ին պատեց, որ որդին ծառայում էր Մարտունիում, 19-ամյակը լրացավ դեկտեմբերի 16-ին, սակայն նրա բացակայությամբ:

«Խչոս շատ ընկերասեր, բարի, բոլորին օգնող էր: Խչոն տխուր չէր լինում, տխուր մարդկանց չէր էլ սիրում: Իր ուրախությունն իր կատակներով էր արտահայտում, ընկերները կարող են դա փաստել, որովհետև ընկերների հետ ավելի ազատ էր»,-պատմեց մայրը:

Խաչատուրը տան միակ որդին չէր, երկու եղբար ուներ, որոնց հետ էլ կապում էր իր հետագա անելիքները:   «Տղայիս նպատակը լավ մարդ դառնալն էր, ուզում էր բիզնեսմեն դառնալ, նպատակը դա էր: Ասում էր՝ մա ջան, բանակից գամ, բիզնես կդնեմ, կաշխատենք ախպերներով»:

Հերոսն ընկերուհի ուներ, ընկերուհու հետ կապված նպատակները ևս պլանավորել էր, որ պետք է դասավորվեին բանակից հետո:

Զինվորը պատերազմի առաջին օրվանից չի թողել, որ ընտանիքի անդամները մտահոգվեն, գրեթե ամեն օր զանգել է, ասել, որ ամեն ինչ լավ է: «Ասում էր՝ մենք ապահով տեղում ենք, չանհանգստանաք, եթե անհասանելի լինեմ, ուրեմն մարտկոցի խնդիր է, հետո էլի կզանգեմ: Միայն վերջին օրը, երբ զանգեց, ասաց՝ մա ջան, քեզի ձիգ կպահես, մենք լավ ենք, երեք օր չեմ զանգի. այդպես էլ չզանգեց»:

«Խչոյիս հետ մի բարի մարդ կար, Նշան անունով, ինքն է իմ տղային բերել, եթե ինքը չբերեր, մենք էլ հաստատ մինչև հիմա չէինք գտնի իմ տղային: Նշանը կամավոր էր, իր տղային թողել է ու իմ որդուն է փորձել փրկել, երկու ժամ ճանապարհ են անցել, սակայն տղաս արդեն արնաքամ է եղել ու փրկելն անհնար է եղել: Բարի մարդու ձեռքով իմ տղան ինձ հասավ»:

Տիկին Կարինեն նշում է՝ պատերազմի նման ավարտը սպասելի չէր, որովհետև դժվար է իր որդու համառ պայքարից հետո նման ավարտի ականատես լինելը:





  • Կիսվել: