երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Խաղամոլությունը չարիք է, մարդիկ փորձում են հեշտ ճանապարհով գումար վաստակել․ Արթուր Հովհաննիսյան

Խաղամոլությունը չարիք է, մարդիկ փորձում են հեշտ ճանապարհով գումար վաստակել․ Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել են զինված ուժերում զինծառայողների կողմից խաղադրույքներ կատարելն օրենքով արգելելու հնարավորությանը։

Զինված ուժերում խաղադրույքների կատարումն օրենքով արգելելու մասին հունվարի 17-ին խոսել էր ՀՀ վարչապետը՝ նշելով, որ առաջիկայում համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգան։

Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն, անդրադառնալով թեմային, ընդգծեց, որ խաղամոլությունը ոչ միայն զինված ուժերի, այլ ընդհանրապես Հայաստանի քաղաքացիների համար չարիք է դարձել։

«Շատերն իրենց ընտանեկան, անձնական, աշխատանքային երջանկությունը կորցնում են՝ ընկնելով խաղամոլության ճիրանները։ Հայաստանի տնտեսության մեջ էլ բուքմեյքերական կազմակերպությունների չափաբաժինը եթե նայենք, կհասկանանք, թե ինչ խնդրի հետ գործ ունենք, բայց նաև դուք էլ եք նկատում, որ մեր քաղաքական թիմի համար խաղամոլության դեմ պայքարն առաջնահերթություն է։ Այս մասով մենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ենք հեղինակել»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ խաղամոլության դեմ պայքարի որոշակի մեխանիզմներ մշակելու համար առանձնահատուկ քննարկումներ են տեղի ունեցել ոչ միայն բանակի հետ, այլ՝ բոլոր ուժային կառույցներում։

Պատգամավորի խոսքով՝ տեխնիկական լուծումներ առկա են, որոնցից պետք է գտնել արդյունավետը․ դա պետք է նաև պաշտպանական գերատեսչության հետ քննարկվի, քանի որ նախարարությունն ավելի լավ է տեղյակ խնդիրներին, որոնք գոյություն ունեն բանակում։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հավաստեց, որ այս փուլում արդեն արձանագրված է, որ դա  խնդիր է ինչպես հանրության շրջանում, այնպես էլ զինված ուժերում, ինչը երբեմն հանգեցնում է ողբերգական հետևանքների։

Պատգամավորի կարծիքով՝ այս խնդրի բալանսավորված լուծման մեխանիզմների շուրջ պետք է աշխատեն գերատեսչությունները։

«Խնդիրը պետք է համակողմանի ուսումնասիրել և տարբեր գերատեսչությունների տեսանկյունից նայել դրան՝ հասկանալու համար, թե ինչ օպտիմալ լուծում կարող ենք գտնել»,-համոզմունք հայտնեց Ջուլհակյանը՝ տեղեկացնելով, որ այս ուղղությամբ  քննարկումներ արդեն սկսվել են, և բալանսավորված ու ճիշտ լուծումների առկայության դեպքում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։

  • Կիսվել: