երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Կայացել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի 2024 թվականի առաջնության հանրապետական փուլը

Կայացել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի 2024 թվականի առաջնության հանրապետական փուլը

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն մայիսի 17-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի 9-րդ հանրապետական մարզական առաջնությունը։
 
ՆԳՆ փրկարար ծառայության կողմից ամենամյա անցկացվող մանկապատանեկան միջոցառումը նպատակ ունի երիտասարդ սերնդի մոտ ձևավորել պատասխանատվություն և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, զարգացնել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու իրական գիտելիքներ և հմտություններ, միևնույն ժամանակ նպաստել ֆիզիկական պատրաստության բարելավմանը և խթանել առողջ ապրելակերպը։
 
Հանրապետական մրցաշարի շրջանակներում իրենց ուժերն էին փորձում Երևանում և մարզերում անցկացված առաջնությունների արդյունքներով ձևավորված 12-17 տարեկան աղջիկների և տղաների հավաքական թիմերը՝ Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության հաղթող երկու և ՀՀ մարզերի հավաքական թիմերը (ընդհանուր 12 թիմ)։
Մարզական առաջնության մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։ Ողջունելով և հաղթանակ մաղթելով մասնակիցներին՝ ՓԾ տնօրենի տեղակալը կարևորեց հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության անցկացումը, պատանի հրշեջ-փրկարարներին մաղթեց հաջող և արդյունավետ մրցումներ:
 
Մրցաշարի հանդիսավոր մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացմամբ։
 
Այնուհետև մասնակից թիմերն ուժերը փորձեցին հինգ մարզաձևերում՝ մարտական հագուստ-հանդերձանքի հագնում, ձգումներ կախ դրությունից (տղաներ), հրում հատակից՝ պառկած դրությունից (աղջիկներ), համալիր վարժություն և փոխանցումավազք (4x100 մ)։
 
Ողջ մրցաշարի ընթացքում թիմերի հետ աշխատանքներ էին տանում ՆԳՆ ՓԾ հոգեբանները, ովքեր երեխաների հետ իրականացնում էին ինքնակարգավորման վարժություններ, ըստ անհրաժեշտության տրամադրում խորհրդատվություն՝ ուղղված մոտիվացիայի բարձրացմանը և թիմային աշխատանքի խթանմանը։
 
Ամփոփելով տարբեր մրցաձևերում մասնակիցների գրանցած արդյունքները և համառ պայքարի /արդյունքում գրանցած հաջողությունները՝ առաջնության մրցավարական կազմը հաղթող ճանաչեց Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիմին, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության հանրապետական փուլում։
 
Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Արարատի թիմը, իսկ երրորդ տեղում Լոռու մարզի թիմն էր։
 
Առաջնության մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև յուրաքանչյուր մարզաձևում լավագույնս դրսևորած մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ մյուս մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով։
 

  • Կիսվել: