ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին ու թեմի առաջնորդական տեղապահին

Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին ու թեմի առաջնորդական տեղապահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանին:

Հանդիպմանը Հայր Պարթևը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերած հայրական հոգատարության և համավարակի հետևանքները մեղմելու նպատակով Մայր Աթոռի կողմից մարզի սոցիալապես անապահով խավի շուրջ 600 ընտանիքի պարենային օգնություն տրամադրելու համար։ Նա հաստատել է նաև, որ մարզային ու թեմական բոլոր կառույցների միջև առկա է արդյունավետ գործակցություն մարզի զարգացման և բնակչության բարօրության համար։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար։ Մարզպետն ուրախությամբ արձանագրել է, որ մարզի ու թեմի միջև առկա է սերտ գործակցություն՝ կարևորելով թեմի հոգևորականների՝ մարզի բնակչության հոգևոր կյանքի ամրապնդմանն ուղղված գործունեությունը։ Սանոսյանը նաև Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել մարզում իրականացվող տնտեսական, սոցիալական և մշակութային ծրագրերի վերաբերյալ։

Հայրապետական իր օրհնությունը փոխանցելով հյուրերին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել թեմի ու մարզպետարանի միջև հաստատված գործակցային հարաբերությունների համար, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, պիտի նպաստեն մարզի բարօրությանը։ Նորին Սրբությունը հավաստիացրել է, որ Մայր Աթոռը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մարզում առկա սոցիալական դժվարությունների և համավարակի հաղթահարման համար։

Հայոց Հովվապետը գնահատանքով է անդրադարձել մարզային իշխանությունների կողմից թեմի եկեղեցիների, վանական համալիրների ու պատմամշակութային վայրերի պահպանմանը, վերանորոգմանն ու բարեկարգմանը դարձվող ուշադրությանը։ Այս իմաստով Հայոց Հայրապետը փաստեց, որ հոգևոր կյանքի ամրությունը նպաստում է ժողովրդի բարօրությանը։

  • Կիսվել: