Կանխատեսելի և պաշտպանված միջավայր փոքր ներդրողների համար․ ԱԺ-ում քննարկվել է նախագիծը
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 11-ին խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ:
Խորհրդարանը հաստատել է արտահերթ նիստի օրակարգը, ինչպես նաեւ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշումը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը՝ Ծովինար Վարդանյանը նշել է, որ գործող օրենքը սահմանում է բաժնետոմսերի պարտադիր հետգնման պահանջի իրավունքը միայն սահմանափակ դեպքերում՝ վերակազմակերպում, խոշոր գործարքներ կամ կանոնադրական իրավունքների սահմանափակում: Ըստ հիմնական զեկուցողի՝ գործնականում, փոքր բաժնետերերը հաճախ հայտնվում են «փակուղային» իրավիճակներում, երբ մեծամասնական բաժնետերը, օգտվելով միանձնյա որոշումներ կայացնելու իրենց իրավունքից եւ հնարավորությունից, հաճախ դրանք իրականացնում են չարաշահումներով:
Նախագծի ընդունումը բխում է փոքր ներդրողների համար իրական «ելքի» մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունից՝ կանխելով մեծամասնության կողմից իրավունքների չարաշահումը: Առաջարկվող նախագծով նախատեսվում է ընդլայնել հետգնման հիմքերը, վերացնել գույքային սահմանափակումը չարաշահման դեպքում, ինչպես նաեւ սահմանել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքը որոշող անձին ներկայացվող չափանիշներ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդրումային գրավչության բարձրացում, իսկ փոքր ներդրողների համար կստեղծվի կանխատեսելի ու պաշտպանված միջավայր:
Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը կարեւորել է նախագծի ընդունումը՝ ընդգծելով, որ այն միտված է բաժնետիրական ընկերություններում փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերի պաշտպանությանը:


