«Կան կարմիր գծեր, որոնք ճիշտ չի անցնել». Նարեկ Կարապետյանը հույս ունի հանդիպել Վեհափառին
Էջմիածինը բոլորիս համար հոգեւոր սնունդ ստանալու կենտրոն է. բոլորը, ովքեր այսօր մասնակցել են Եկեղեցու դեմ արշավին, իրենց երեխաներին կնքում են առաքելական եկեղեցում, ամուսնանում են առաքելական եկեղեցում։ Այս մասին, այսօր Մայր Աթոռի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ով իր աջակիցների հետ եւս եկել էր այստեղ՝ աջակցելու եկեղեցուն։
«Ես հասկանում եմ, որ հրամաններ են կատարում, բայց կան կարմիր գծեր, որոնք ճիշտ չի անցնել, Էջմիածին գալը ճիշտ չէ։ Էջմիածինը քրեական տարածք չի, որ գան ու փորձեն մարդկանց ձերբակալել։ Մենք բազում անգամ ասել ենք՝ ձև կա, մոտեցումներ կան, պետք է հարգել մեր մեծերին ու մեր ինստիտուտները։ Եթե մենք չհարգենք, ո՞վ է հարգելու։ Մենք խաղաղ բոլոր հայերով պետք է խաղաղ ձևով ցույց տանք, որ համաձայն չենք այս մոտեցմանը, սա սիրուն մոտեցում չէ»,–ասաց նա։
Նարեկ Կարապետյանը նկատեց, որ ոստիկաններն էլ հայ են եւ իրենց գործողություններում չկար էնտուզիազմ. «Այստեղ մուտքը ազատ է, հայորդիները կարան գան ու իրենց աջակցությունը հայտնեն։ Այնպես տպավորություն չլինի, թե փակ է Էջմիածնի մուտքը։ Մենք կարողացանք այստեղ հասնել, բոլորն էլ կարող են հասնել ու ցույց տալ, որ հասարակությունը դեմ է այս քայլերին։ Չի կարելի այսպես լրիվ թրի ձևով մեր արժեքների դեմ գործել։ Մարդիկ կան, ում համար Էջմիածինը սրբություն է, ինչի՞ են այս ճանապարհով գնում։
Եկել ենք մեր աջակցությունը հայտնելու, եթե Վեհափառը ցանկություն հայտնի մեզ ընդունել, մեծ սիրով կհանդիպենք։ Վստահ եմ, որ մենք հնարավորություն կունենանք իրեն տեսնելու»,–ասաց նա։
Նարեկ Կարապետյանն ընդգծեց, որ եթե բոլորով պայմանավորվեն և ցույց տան իրենց մեր մոտեցումը, ոչ ոք չի կարողանա ոտնահարի իրենց սրբությունները. «Կարծում եմ, որ ողջախոհությունը պետք է հաղթի, եթե ոչ, արդեն հասարակությունը կհասկանա, թե ինչ է կատարվում։ Բայց հուսով եմ, որ դրա կարիքը չկա, ողջախոհությունը կհաղթի։ Սպասենք Վեհափառը մեզ ընդունի ու կշարունակենք»։