չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կա չգրված կոնսենսուս մեր բնակչության և քաղաքային իշխանությունների․ մեկ տոմսի արժեքը 100 դրամ է․ Մարության

Կա չգրված կոնսենսուս մեր բնակչության և քաղաքային իշխանությունների․ մեկ տոմսի արժեքը 100 դրամ է․ Մարության

Կա չգրված կոնսենսուս մեր բնակչության և քաղաքային իշխանությունների միջև, որ մեկ տոմսի արժեքը 100 դրամ է, այսօր իրենք բերել են նախագիծ, որով մեկ տոմսի արժեքը 300 դրամ է։ Եթե ուզում ես մեկանգամյա տոմս գնել, ապա ամենաէժանը 300 դրամն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման նախագծին։

Մարությանը հիշեցրեց, որ քաղաքային իշխանություններն իրենց նախընտրական ծրագրում երբեք չեն նշել թանկացումների մասին՝ շեշտելով, որ իշխանությունը լռել է՝ իմանալով սպասվող փոփոխությունների մասին։

Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, ապա նախկին քաղաքապետը շեշտեց, որ իրենց խմբակցությունը կտրականապես դեմ է նախագծին։

«Մենք խոսում ենք մի պետության, մի քաղաքի մասին, որտեղ 30 տոկոսանոց աղքատություն կա և մարդիկ, բառացիորեն, աշխատավարձից աշխատավարձ են ապրում։ Եթե մարդիկ ցանկանան էլ այդ գումարները տալ, պարզապես չունեն»,- նշեց Մարությանը։

Դիտարկմանը, թե տարեկան փաթեթ վերցնելու դեպքում շատ ավելի մատչելի է լինում և ընդամենը 46 դրամով է թանկանում, Մարությանը հակադարձեց, որ նման պնդումը ևս սուտ է։

«Ի՞նչ հաշվարկով, օրը քանի՞ անգամ են երթևեկելու», - նշեց նա՝ հավելելով, որ այդ պարագայում իրենց խմբակցության առաջարկն է ներդնել միասնական տոմսային համակարգ, որը պատրաստ էր դեռ իր քաղաքապետության օրոք, սակայն կյանքի չկոչվեց իրեն պաշտոնից հեռացնելուց հետո։

  • Կիսվել: