երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Իտալիայում ՀՀ դեսպանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է փոխանցել համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր

Իտալիայում ՀՀ դեսպանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է փոխանցել համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով հունիսի 29-ին հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր փոխանցեց Հայոց ցեղասպանության թանգարանի ֆոնդերին: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

՛՛Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն արժեքավոր արխիվային նյութեր է նվիրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, ապա ավելացրեց, որ դրանք ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կուսումնասիրվեն և կհրապարակվեն:

Իտալիայում ՀՀ դեսպանն էլ նշեց, որ արխիվային նյութերը հիմնականում իտալերեն փաստաթղթեր են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համիդյան ջարդերի ականատես ծագումով իտալացի ֆրանցիսկյան վանական Սալվատորե Լիլլիին, ով 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից դասվել է երանելիների շարքին:

Այնուհետև ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանն էլ իր խոսքում նշեց, որ հայր Սալվատորե Լիլլին, ով հայերի և ընդհանրապես քրիստոնյաների հանդեպ 1894-1895 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել, սպանվել է յոթ հայ ուղեկիցների հետ միասին օսմանյան զինվորների կողմից 1895 թ․ նոյեմբերի 19-ին: Վերջում Շուշան Խաչատրյանն ավելացրեց, որ իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի հետ համատեղ պատրաստվում են գիրք հրապարակել այս արխիվի ուսումնասիրության հիման վրա՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: