երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Իրենց խաղողի այգի էին գնում. Արարատում ողբերգական վթարից տուժածներից երկուսը Այգավանից էին, ամուսիններ

Իրենց խաղողի այգի էին գնում. Արարատում ողբերգական վթարից տուժածներից երկուսը Այգավանից էին, ամուսիններ

Նախօրեին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով տուժած 4 քաղաքացիներից 2-ը Այգավան համայնքից են, ամուսիններ են։ Այս մասին NEWS.am-  հետ զրույցում ասաց Այգավանի համայնքապետ Արամ Շիրինյանը։

Նրա խոսքով՝ ամուսիններն ունեն 2 անչափաս երեխա, մեկը 6 ամսական, մյուսը՝ 7 տարեկան, նրանք  սեփական խաղողի այգի էին գնում մշակման աշխատանքներ անելու համար։ Համայնքի ղեկավարի խոսքով ամուսիններն այժմ ծանր վիճակում գտնվում են Էրեբունի բժշկական կենտրոնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է ավտոմեքենան, փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։

  • Կիսվել: