երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրավախախտումն այլ քաղաքացու կողմից արձանագրելը բարձրացնում է սոցիալական պատասխանատվությունը

Իրավախախտումն այլ քաղաքացու կողմից արձանագրելը բարձրացնում է սոցիալական պատասխանատվությունը

Վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը մեծապես պայմանավորված է թույլ տված խախտումների համար անխուսափելի պատասխանատվություն կրելու գիտակցումով:

Վարորդի թույլ տված իրավախախտումն այլ քաղաքացու կողմից արձանագրելը բարձրացնում է ինչպես հասարակության սոցիալական պատասխանատվությունը, այնպես էլ վարորդների կարգապահությունը։ Հենց այդ նպատակով էլ «Road control» հավելվածը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ, ֆիքսել խախտումները և ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։

Կառավարության որոշմամբ պարզեցվել է հավելվածում քաղաքացիների գրանցվելու կարգը։ Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում պետք է ընտրել հավելվածի լեզուն և հաստատել այն։ Այնուհետև պետք է լրացնել անհրաժեշտ դաշտերը՝ հավաքելով անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ կամ այն չստանալու մասին տեղեկանքի համար, հեռախոսահամար։

Նույնականացում անցնելիս անհրաժեշտ է ծանոթանալ համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, այնուհետև համաձայնություն տալու համար սեղմել ակտիվ հղման վրա։ Նույնականացվելուց և հաստատման կոդը հավաքելուց հետո հավելվածը հնարավորություն է տալիս խախտումն արձանագրել տեսանկարահանման, լուսանկարահանման կամ շարունակական տեսանկարահանման միջոցով։

Խախտումը ֆիքսելուց հետո հավելվածը հնարավորություն է տալիս ընտրել խախտման տեսակը և մուտքագրել խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։

Հորդորում ենք վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում ենք անվտանգ երթևեկություն։

  • Կիսվել: