շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրականում պատվաստանյութ կա, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է. Արսեն Թորոսյան

Իրականում պատվաստանյութ կա, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է. Արսեն Թորոսյան

«Շատ քննարկվեց, թե ինչպես է, որ կորոնավիրուսի պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար»,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանեց. 

«Քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում: Անգամ արդեն կան երկրներ, որոնք իրականացրել են գնում, ահռելի քանակությամբ գնում։ Սա մտավախություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակները ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ:  Հիմա մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որ դա տեղի չունենա»,-ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարարն իր հերթին ասաց, որ իրականում պատվաստանյութ կա։

«Կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ավելին ասեմ, ընկերություններ կան, որոնք տասնյակ հազարներով արդեն արտադրել են։ Խոսքն այստեղ հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքի լինել-չլինելու: Ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատումը լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»,- ասաց նա։

 

  • Կիսվել: