հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչ կփոխի ֆեյսբուքյան գովազդի հարկումը

Ինչ կփոխի ֆեյսբուքյան գովազդի հարկումը

Մետա ընկերությունը զգուշացրել էր Հայաստանում իր գործընկերներին, որ հունիսի 1-ից հետո Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական հարթակներում տեղադրվող գովազդի համար 20% ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) է գանձելու։ Այն տարածվելու է Հայաստանում գրացված ընկերությունների և ֆիզիկական անձանց վրա, որոնք գովազդ են տեղադրում հարթակներում և դեռևս իրենց մոտ չունեն հարկ վճարողի հաշիվ։

Լուրը գովազդատուների համար շոկային չէր, որովհետև աշխարհի շատ երկրներ են այսպես աշխատում` Ֆրանսիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելքի երկրներ և այլն։ Բացի դրանից դաշտի շատ խաղացողներ տարբեր առիթներով ասում էին, որ Հայաստանից դուրս խոշոր հարթակներում (Ֆեյսբուք, Գուգլ, Յություբ և այլն) տեղադրվող տեղական գովազդը պետք է հարկվի։

Այսպես, էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ ընկերությունները, ինչպիսին է օրինակ՝ Ֆեյսբուքը, հնարավորություն է ստանում գրանցվել մեր երկրի հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ԱԱՀ բոլոր այն ծառայությունների մասով, որ մատուցում է ֆիզիկական անձանց և ընկերություններին։

Պետությունն այս քայլին պատրաստվել է երկար, 2022-ի փետրվարին կառավարությունը սահմանել է էլեկտրոնային ծառայությունների ցանկ, որտեղ տեղ էր գտել նաև գովազդային ծառայությունների մատուցումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համոզմամբ, կարգավորումը տարեկան առնվազն 20 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր կարող ապահովել պետբյուջե։

Օրենքի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Բադասյանը նշել էր, որ համաշխարհային ընկերությունները պատրաստ են վճարել հարկերը, սակայն հրաժարվել են ներկայացնել, թե որքան ծառայություն են մատուցում Հայաստանում։

Սոցիալական ցանցերում գովազդի հարկման նպատակը արտաքին և տեղական գովազդային հարթակների միջև հավասար պայմանների ստեղծումն է, որից առաջին հերթին հարկերի հավաքագրման տեսքով կշահի պետությունը։

Օրենքը հունիսի 1-ից մտնում է ուժի մեջ, սակայն մարքեթինգով զբաղվող ընկերություններն ու անհատները անորոշության մեջ են։ Իսկ ՊԵԿ-ն առաջացած հարցերին պատասխանելու փոխարեն իր ուսումնական ՊՈԱԿ-ի միջոցով առաջարկում է «Էլեկտրոնային ծառայությունների մատուցման մասով հարկման առանձնահատկություններ» թեմայով մեկօրյա վճարովի դասընթաց։

Media.am-ը զրուցել է սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտի մասնագետների հետ հասկանալու համար, թե ինչպես է տեխնիկապես կատարվելու հարկումը և ինչ է փոխվելու դաշտում։

Արսեն Սուլթանյան, Prodigi-ի մարքեթինգային ընկերության հիմնադիրն է, ասում է, որ ֆեյսբուքյան գովազդից ԱԱՀ գանձելն արդար որոշում է։ Թեև տեխնիկական շատ հարցեր դեռ անորոշ են, սակայն վաղ թե ուշ պետք էր գնալ այս ճանապարհով․

«Չեմ կարծում, որ հարկումը կազդի հարթակում Հայաստանից տեղադրվող գովազդի ծավալի վրա, հատկապես որ ֆինանսական բեռ կարծես չի ավելանում մեզ վրա, որովհետև մեր վճարած ԱԱՀ-ն Ֆեյսբուքին, վերջինս փոխանցելու է պետբյուջե, իսկ մեր վճարվածը հաշվանցվելու է, քանի որ մենք ԱԱՀ վճարող ընկերություն ենք։ Կավելանա միայն թղթաշրջանառությունը»։

Առցանց տիրույթում գովազդային ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցիչն ասում է, որ ֆեյսբուքի գովազդի գինը կթանկանա։

Սակայն ավելացված արժեքի հարկի մասին օրենքով, ԱԱՀ-ի գումարը հաշվանցելու համար հարկային մարմիններ տեղեկանք կարող են ներկայացնել ինչպես ընկերությունները, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձինք։

Սուլթանյանի խոսքով, Ֆեյսբուքի օրինակը պետք է, որ տարածվի մնացած խոշոր հարթակների՝ Գուգլի, ինչպես նաև Նեթֆլիքսի, Բուքինգի վրա․ «Չեմ կարծում Հայաստանում կլինեն մեր նման ընկերություններ, որոնք կցանկանան խուսափել այս հարկից, մոտիվացիա չեմ տեսնում, հատկապես որ ֆինանսապես չեն տուժում։ Եթե նույնիսկ տուժեն, ապա խուսափելու ծախսերն ավելի մեծ են լինելու, քան բուն բարձրացված արժեքը»։

Տեխնիկական շատ հարցեր, ըստ նրա, դեռ պարզաբանված չեն և միայն առաջին եռամսյակի հարկային ցիկլից հետո պարզ կլինեն խնդիրները։

Մանե Գրիգորյան սոցիալական մեդիայի փորձագետ է, աշխատում Դիջիթեյն ընկերությունում։ Կարծում է՝ Ֆեյսբուքյան գովազդի հարկումը չի կարող դաշտում լուրջ փոփոխություններ առաջացնել․

«Եթե օրինակով բացատրենք, ապա կստացվի ամսական այս հարթակում 500 դոլար ծախսող գովազդատուն գովազդի վրա կծախսի ավելի քիչ՝ 400 դոլար, մնացածը կվճարի որպես հարկ։ Հնարավոր է՝ ընկերությունները վերանայեն իրենց սոցիալական մեդիայի բյուջեն՝ ավելացնելով 20%-ով»։

Գրիգորյանի խոսքով, Հայաստանում մենք չունենք տեղական այնպիսի հարթակներ, որոնք կարող են փոխարինել Ֆեյսբուքին, այս սոցցանցից ավելի խորքային տվյալներ գեներացնող ռեսուրս այս պահին ուղղակի չենք կարող գտնել։

«Իրականում կարևոր է հասկանալ, որ այս նախաձեռնությունը գալիս է ոչ թե Ֆեյսբուքի տնօրինությունից, այլ Հայաստանի կառավարությունից։ Մեր երկիրը դիմել է կազմակերպությանը ԱԱՀ պետբյուջե վճարելու համար։ Հարկերի տեսանկյունից սա արդարացված քայլ է, որը Ֆեյսբուքի համար ոչինչ չի նշանակում, ինքն շարունակում է Հայաստանից գովազդներ տեղադրել նույն գումարով՝ 20 տոկոս ԱԱՀ ավելի գանձելով»,-ասում է նա։

Այս պահանջը վերաբերում է Հայաստանում գրանցված ընկերություններին, թեև մասնագետի կարծիքով, չի բացառվում, որ կլինեն օրենքը շրջանցողներ, որոնք ընկերություններն այլ երկրներում գրանցելու փորձ կանեն հարկվելուց խուսափելու համար․ «Սակայն Մետան զգույշ է այս հարցում և հարկ վճարողի հաշվեհամարով կարողանալու է տեղորոշել բիզնեսը»։

Խնդիրը մի փոքր բարդանում է անհատ բլոգերների և SMM-ով զբաղվող մասնագետների համար։ Փորձագետն ասում է, որ եթե նրանք չունեն գրանցում, կարող են որևէ հաշվապահական ընկերության հետ համագործակցել, հաշիվ-ապրանքագիր ներկայացնել և միանգամից հարկը վճարել պետությանը։

40-ից ավել պետություններ, ըստ նրա, գնացել են այս ճանապարհով, իրականում այստեղ տուժում են ընկերությունները, սոցցանցի հարթակներում նրանց համար գովազդը թանկանում է։

Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի կողմնորոշման համար հիմք ենք ընդունվում ընկերության և ֆիզիկական անձի գտնվելու վայրը, բանկի գտնվելու վայրը, IP հասցեն և հեռախոսահամարը: Եթե տվյալների կեսը գրանցված է այլ երկրում Ֆեյսբուքն ինքն է որոշելու, թե որ պետությանը վճարի ավելացված արժեքի հարկը:

«ֆիզիկական անձինք որևէ հավելյալ հարկային բեռ չեն կրելու»,-ասել էր ՊԵԿ նախագահ Բադասյանը։

ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը դա բացատրում է այսպես, որ միջազգային ընկերության հաշիվ ապրանքագրի մեջ 20% ԱԱՀ-ի գումարը ներառված է լինելու, այսինքն՝ գնային առումով ծառայությունների արժեքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու:

  • Կիսվել: