շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապ ունենալու համար կասկածվող 199 անձ

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապ ունենալու համար կասկածվող 199 անձ

Թուրքիայի տարբեր շրջաններում ձերբակալվել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 199 մարդ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

«ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ 30 նահանգում իրականացված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է 199 կասկածյալ», - հայտնել է նախարարությունը՝ օգտագործելով «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման մեկ այլ անվանումը։

Նշվում է նաև, որ գործողություններ են իրականացվել Ստամբուլում և Անկարայում։

Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ ձերբակալվածներին ներկայացված մեղադրանքների թվում են «Իսլամական պետություն» խմբավորմանը անդամակցելը, սոցիալական ցանցերում խմբավորման քարոզչական նյութեր տարածելը, ինչպես նաև միջնորդների կամ, այսպես կոչված, «բարեգործական» կազմակերպությունների միջոցով խմբավորմանը ֆինանսավորելը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի վերջին Թուրքիայի ոստիկանությունը Անկարայի հարավում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում սպանել էր «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող մի տղամարդու՝ մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ, ինչից հետո Անկարայի գլխավոր դատախազի կարգադրությամբ ձերբակալվել է 209 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» կամ ծայրահեղ ձախ խմբավորումների հետ կապ ունենալու մեջ։

 
 

  • Կիսվել: