հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հետ

«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հետ

«Իմ քայլը» խմբակցությունը այսօր հանդիպել է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հետ։ Փակ քննարկումից հետո Լիլիթ Թադևոսյանը ձեռնպահ է մնացել քաղաքական գնահատականներ տալուց՝ չմեկնաբանելով վերջին շրջանում դատավորների կողմից կալանավորման միջնորդությունների մերժումները։ Թեկնածուի խոսքով՝ «ծանր հոդվածի» առկայությունը դեռ բավարար չէ կալանավորման համար։ Իսկ դատական իշխանության վրա ազդեցություն ունե՞ն նախկինները՝ ինչպես պնդում է իշխանությունը, այս հարցը ևս Թադևոսյանը չի մեկնաբանել։

Վճռաբեկի նախագահի թեկնածուն նշել է, որ դատական իշխանության ներկայացուցիչների հետ վարչապետի փակ հանդիպմանը որևէ գործ քննարկման առարկա չի դարձել։ 3-րդ ատյանի քրեական պալատի գործող դատավորը կողմ է նաև մասնագիտական՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։

«Ես ողջունում եմ ցանկացած քայլ, որ միտված է դատական իշխանության ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Այսօր դատական իշխանությունն աշխատում է գերծանրաբեռնված, և կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել՝ օրենսդրական ճանապարհներով, տարբեր լուծումներով բեռնաթափելու դատական իշխանությունը, որ արդյունքում ունենանք արդյունավետ ու որակյալ դատական իշխանություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լիլիթ Թադևոսյանը:

  • Կիսվել: