շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է (տեսանյութ)

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է (տեսանյութ)

Հուլիսի 4-ը որպես Հայաստանի ազգային գրադարանի օր նշվում է 1999 թվականից: Այս մասին հայտնում են Ազգային գրադարանից:

«1919 թվականի հուլիսի չորսին ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով է գրադարանը ստացել պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: Այսօր նշվում է գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 101-ամյակը: Գրադարանի պատմությունը, սակայն, շատ ավելի հին է.
 
«Պատմական ակնարկ
 
Գրադարանի հիմնադրման տարեթիվը համարվում է 1832թ. հունվարը: 1828թ. Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը: 1832թ. հունվարի 14-ին Երևանում բացվեց գավառական գիմնազիա, որտեղ սկսեց գործել նաև գրադարան:
 
Այս հաստատությունը իր գրադարանով պետք է դառնար Ռուսական կայսրության կրթական -պետական ծրագրերը իրականացնողը: Գիմնազիայի գրադարանը նախատեսված էր ուսումնական հաստատության սովորողներին և ուսուցիչներին ծրագրային անհրաժեշտ գրականությամբ ապահովելու համար, բայց կարճ ժամանակ անց դուրս եկավ դպրոցական գրադարանի շրջանակներից՝ իրականացնելով նաև հանրային գրադարանի գործառույթներ: Գրադարանը ուներ «ժապավինյալ մատյան»՝ գրանցամատյան, որտեղ արձանագրվում էին հավաքածուների մուտքերն ու ելքերը, կատարվում էր համալրում՝ գնման, բաժանորդագրության, նվիրատվության և այլ միջոցներով:
 
Դպրոցին հատկացված 3800 ռուբլուց 150 ռուբլին հատկացվում էր գրադարանին՝ գնումներ կատարելու և գրադարանի հավաքածուն համալրելու համար: Արդեն 1837թ. գրադարանի հավաքածուն կազմում էր 40-ից ավելի գիրք, 3 քարտեզ, 6 հանդես, այդ թվում՝ «Журнал министерства народного просвещения», «Северная пчелка», «Библиотека для чтения» և այլն:
 
Գրադարանի հավաքածուի հարստացումը և գրադարանային գործընթացների արդիականացումը կապվում է Խաչատուր Աբովյանի անվան հետ. 1843թ. նա նշանակվեց գիմնազիայի տեսուչ:
 
Աբովյանը կապեր էր հաստատում կայսրության հայտնի հրատարակիչների, գրավաճառատների հետ, պատվիրում անհրաժեշտ ուսումնական, գեղարվեստական գրականություն: Պահպանվել են նրա գրությունները՝ ուղղված պարբերականների հրատարակիչներին, որոնցով նա հայտնում էր գրադարանում բացակայող համարների մասին և խնդրում դրանք ուղարկել գրադարանի հասցեով: Աբովյանը հետևողականորեն համալրում էր գրադարանը նաև հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ:
 
Նրա շնորհիվ ոչ միայն նպատակային համալրման, հաշվառման ու սպասարկման աշխատանքները բարելավվեցին, այլև գրքերի մշակման, գրացուցակավորման գործը դրվեց գիտական հիմքերի վրա: 1846թ. նրա ջանքերով գրադարանին զուգահեռ բացվում է նաև Կովկասագիտության թանգարան, որտեղ ժողովվում են ոչ միայն հնագիտական ու ազգագրական արժեք ներկայացնող առարկաներ, այլև 200 միավորից ավելի գրքեր կովկասյան տարածաշրջանի պատմության, աշխարհագրության մասին:
 
Հետագայում այդ գրքերը և գիմնազիայի գրադարանի գրականության մի մասը՝ ընդամենը 18.000 միավոր, պետք է կազմեր Ազգային գրադարանի հավաքածուի հիմքը: 1863թ. Երևանի նահանգապետի թույտվությամբ գավառական ուսումնարանի գրադարանը պաշտոնապես համարվում է հանրային գրադարան»,- հայտնում են Ազգային գրադարանից:

  • Կիսվել: