Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք ճանաչելը մեր Սահմանադրությունից վեր է, դա մեր տարածքն է. Զելենսկի
Ուկրաինան Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք չի ճանաչում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИАН-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խոսելու բան չկա, դա մեր Սահմանադրությունից վեր է, դա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը: Նման բան չի լինի։ Հենց որ սկսում ենք խոսել Ղրիմի, մեր ինքնիշխան տարածքների մասին, մտնում ենք այն ձևաչափը, որը ցանկանում է Ռուսաստանը՝ պատերազմի երկարաձգմամբ»:
Նա նաև նշել է, որ եթե Ռուսաստանը դադարեցնի կրակը, իրենք պատրաստ են նստել, խոսել և անցնել պատերազմին վերջ տալու հաջորդ քայլերին։
«Ամեն ինչի շուրջ հնարավոր չի լինի արագ պայմանավորվել։ Մենք 12 տարի պայքարում ենք, դա արդեն պատասխան է, թե արդյոք հնարավոր է ընդհանուր առմամբ համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Հռետորական հարց է՝ հնարավո՞ր է արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Ոչ։ Առանց Մոսկվայի վրա ճնշման դա անհնար է»:
Զելենսկին նաև հավելել է, որ Ուկրաինան ցանկանում է արագ, արդար խաղաղություն իր համար և անվերապահ զինադադար՝ որպես դրա առաջին քայլ։