Պայթյունի պատճառով ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանի բնակիչներին տարհանել են
Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը, տեղեկացնում է Meduza-ն:
Նշվում է, որ նա չի բացահայտել միջադեպի մանրամասները՝ նշելով, որ «պատասխանատու ծառայություններն աշխատում են դեպքի վայրում»:
Անվտանգության ուժերին մոտ կանգնած Mash տելեգրամ ալիքը գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բարսովո գյուղում։
Baza-ն էլ, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ մի քանի պայթյուններ են հնչել, դրանք տեղի են ունեցել զորամասի տարածքում։ Հավանական է, որ խոսքը 11785 զորամասի մասին է։
Ըստ «112» տելեգրամ ալիքի՝ Վլադիմիրի մարզում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռային և հրետանային վարչության 51-րդ զինանոցի վրա «հզոր հարձակում» է տեղի ունեցել, Միրնի և Բարսովո գյուղերի բնակիչներին խնդրել են լքել իրենց տները և մեկնել Կիրժաչ։
Տարհանում է հայտարարվել ոչ միայն Բարսովոյում և Միրնիում, այլև Զվյոզդնիում, Դուբկիում, Պերշինոյում, Խրապկիում և Գրիբանովոյում։ Այս բնակավայրերը գտնվում են պայթյունների վայրից 5 կիլոմետր շառավղով հեռավորության վրա։
ԱԻՆ-ը հայտնում է, որ Կիրժաչի շրջանում պայթյունների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։
Բարսովո գյուղը գտնվում է Վլադիմիրի մարզի Կիրժաչ քաղաքից ութ կիլոմետր հեռավորության վրա։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ գյուղում է գտնվում 11785 զորամասը (այլ աղբյուրների համաձայն՝ 55443-44 զորամասը): Ըստ տեղական լրատվամիջոցների՝ զորամասը հայտնի է նաև որպես գլխավոր հրթիռային և հրետանային վարչության 51-րդ զինանոց:
Տեսանյութը՝ այստեղ: