երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Հրազդանի ոստիկանները բացահայտեցին «վտանգավոր» գողությունը (տեսանյութ)

Հրազդանի ոստիկանները բացահայտեցին «վտանգավոր» գողությունը (տեսանյութ)

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հայտնաբերել են «Հարավկովկասյան երկաթուղու» կապն ապահովող, Կոտայքի Ջրառատ գյուղին հարակից տարածքից մոտ 350 հաղորդալար գողացած անձին և գողոնը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Կան գաղտնի հափշտակություններ, որոնց հասցրած վնասը միայն գողոնի արժեքը չէ, այլ շատ ավելի, և Հրազդանի ոստիկանների բացահայտած գողությունը հենց այդպիսին էր:
Դեկտեմբերի 12-ի երեկոյան Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվում Հրազդանի երկաթգծի անվտանգության հերթապահից, որ Հրազդան-Սևան երկաթգծի հատվածում տեղի է ունեցել հեռախոսակապի խափանում, իսկ նման խափանումները վտանգում են գնացքների երթևեկությունը:

Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցը տվել է հաղորդում, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղին հարակից տարածքում կտրել և գողացել են օդային հաղորդակցության կապի պողպատյա հաղորդալար` մոտ 350 մետր երկարությամբ:

Քրեական հետախույզների գործողություններն արագ արդյունք տվին: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ահազանգից երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց Ջրառատում բնակվող 21-ամյա մի երիտասարդ, որը խոստովանեց արարքը:

Գողոնը հայտնաբերվել ու վերցվել է, հանգամանքները պարզվում են:

Գնացքների երթևեկին սպառնացող վտանգը վերացված է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: