ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Հորդորում ենք բուժաշխատողներին և բժշկական խմբերին համագործակցել. ԱՆ կոչը

Հորդորում ենք բուժաշխատողներին և բժշկական խմբերին համագործակցել. ԱՆ կոչը

Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների:  

«Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ կամայականությունից` սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված:  

Հորդորում ենք բուժաշխատողներին և բժշկական խմբերին համագործակցել և յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն քննարկել առողջապահության նախարարության հետ` համակարգված աշխատելու նպատակով: Ելնելով անվտանգության կանոններից` որևէ գործողություն չիրականացնել:

Առողջապահության նախարարությունը կարևորում է յուրաքանչյուրիդ աջակցությունը և հորդորում համախմբված ու միասնական գործել բուժօգնություն տրամադրելու գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով` միաժամանակ չվտանգելով մեր համաքաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: