ՀՀԿ երիտասարդները «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով ակցիա են իրականացնում
ՀՀԿ երիտասարդների լուռ ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով:
Ակցիայի սկզբում երիտասարդները միացրեցին Արմեն Աշոտյանի ելույթներից հատվածներ, ապա Արմեն Աշոտյանի պատկերով շապիկներ հագած եւ ձեռքներին Աշոտյանի լուսանկարը՝ երթ սկսեցին Հյուսիսային պողոտայի ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով։
Արմեն Աշոտյանը որպես մեղադրյալ անցնում է Երևանի պետական բժշկական համալսարանին չարաշահումների վերաբերյալ քրեական գործով, նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Աշոտյանին մեղադրանքն առաջադրվել է նրա՝ ՀՀ կրթության նախարար և Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակ կատարած ենթադրյալ արարքների համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, սակայն, ըստ Քննչական կոմիտեի, Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչի հետևանքով նրան հունիսի 14-ին ձերբակալել էին, այնուհետև Աշոտյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել կոռուպցիոն դատարան։
Արմեն Աշոտյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։


