կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
ՀՀ-ում հարցվածների 72,8%-ը բացասական է վերաբերվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. GALLUP

ՀՀ-ում հարցվածների 72,8%-ը բացասական է վերաբերվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. GALLUP

ՀՀ քաղաքացիների 63,5%-ը դրական է համարում Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումը ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով հարցման տվյալները։
 
Հարցումն անցկացվել է ապրիլի 2-6-ը։ Հեռախոսային հարցմանը 1002 անձ է մասնակցել։
«Հարցվածների 7,7%-ն ընդհանրապես բացասական է համարել Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումը, 4,8%-ը` ավելի շուտ բացասական, իսկ 22,2%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին»,–ասաց Նավասարդյանը։
 
Հարցին, թե ՀՀ–ն պե՞տք է ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, հարցվածների 44,3%-ը դրական պատասխան է տվել, իսկ 28,2%-ը` բացասական։ 27%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։
 
Բացի այդ, հարցվածների 45,8%-ն ասել է, որ ՌԴ գործողություններն Ուկրաինայում արդարացի են, իսկ 39,6% -ը բացասական գնահատական է տվել։ Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 14,7%–ը։
 
Հարցվածներից հետաքրքրվել են նաև, թե ինչպես են վերաբերվում ՌԴ–ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Հարցվածների 72,8%-ն ասել է` բացասական։ Պատժամիջոցների առնչությամբ դրական վերաբերմունք ունի հարցվածների 19,4%-ը, իսկ 7,9%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ Հարցվածների 86,6%-ը դրական է համարել մեծ թվով ռուսաստանցիների հոսքը, 11,8% -ը` բացասական։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 1,6%-ը։

  • Կիսվել: