ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի հետ ՔԿ-ում քննարկվել են գործակցության զարգացման հարցեր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի հետ ՔԿ-ում քննարկվել են գործակցության զարգացման հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտում են ՔԿ-ից, Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Բարթերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ գրասենյակի հետ արդեն ձևավորված խոր և համապարփակ համագործակցությունն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։

Կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է կառույցի գործառութային և կառուցվածքային առանձնահատկությունները, նախընթաց շրջանում տարբեր ուղղություններով ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի հետ իրականացված ծրագրերը, Կոմիտեին ԱՄՆ կողմից ցուցաբերված նյութատեխնիկական օժանդակության շրջանակը։

Պարոն Բարթերը նկատել է, որ կատարվել է ծավալուն աշխատանք, և գրասենյակը շարունակելու է արձանագրված արդյունքների հիման վրա հարաբերությունների զարգացման գործընթացը՝ նաև կամրջի դեր կատարելով ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև կապերի ամրապնդման և ընթացիկ խնդիրների լուծման համար։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, թրաֆիքինգի, ընտանեկան բռնությունների, փողերի լվացման, ինչպես նաև՝ թվային ապացույցների ձեռք բերման և այլ առանցքային ուղղություններով ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերի ընդլայնմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: