չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ քաղաքցիների, հայության մոտ մենք վերականգնելու ենք հավատը ապագայի հանդեպ. ՀՓՇ միասնական թեկնածու

ՀՀ քաղաքցիների, հայության մոտ մենք վերականգնելու ենք հավատը ապագայի հանդեպ. ՀՓՇ միասնական թեկնածու

«Հայրենիքի փրկության շարժման» վարչախպետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով, որտեղ, մասնավորապես,  ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ,

Մենք միշտ Նոր տարին դիմավորել ենք տոնական սեղանով, հարազատների ժպիտով մաղթանքներով, լավատեսությամբ: Սա այդ Նոր տարին չէ:

Դժվար, դաժան էր 2020 թվականը, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ: Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է, մեր բազմաթիվ հայրենակիցներ մխիթարություն, վաղվա հանդեպ հույս են փնտրում ու դեռ չեն գտնում:

Մենք կորցրել ենք անկախ պետականության մեր ամենամեծ նվաճումը, մեր հավաքական երազանքը՝ արցախյան հաղթանակը: Այսօր ապահովված չեն անգամ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Պատերազմը հնարավոր էր կանխել, պատերազմական գործողությունների ավարտն էլ այս տեսքը չէի ունենա, եթե սխալ ու կասկածելի որոշումներ չընդունվեին: Տեղի ունեցածը դավաճանության, անգրագիտության, ստի ու կեղծիքի հետեւանքներ են: Դա փոքր մարդու մեծ վրեժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից:

Մեր երկրում այսօր անիշխանություն է եւ պետական կառավարման ճգնաժամ: Իսկ հասարակության տրամադրությունները կառավարվում եւ ուղղորդվում են սոցիալական ցանցերից, դիտավորյալ կազմակերպված արհեստական օրակարգերով:

Հայրենակիցներ,

2020 թվականը ողբերգության, բայց նաեւ հերոսության տարի էր, ես խոնարհվում եմ Արցախի ու Հայաստանի համար մղված մարտերում զոհված մեր քաջերի հիշատակի առջեւ, ցավակցում նրանց հարազատներին, համբերություն, տոկունություն մաղթում բոլորիս:

Ցավակցում եմ նաեւ կորոնավիրուսից մահացած մոտ 3 հազար մեր քաղաքացիների ընտանիքներին:

2021 թվականին մենք հսկայական անելիքներ ունենք, պետք է ապահովենք արժանապատիվ խաղաղություն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայությանը, տեր կանգնենք Հայաստանի սահմաններին, թույլ չտանք սոցիալ-տնտեսական կոլապս, ներդրումներ բերենք, նոր բովանդակությամբ լցնենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, արժանավայել շփվենք աշխարհի հետ, վերացնենք թույնի եւ ատելության մթնոլորտը: Ամենակարեւորը, ՀՀ քաղաքցիների, հայության մոտ մենք վերականգնելու ենք հավատը ապագայի հանդեպ: Այդ հավատով միայն կարող ենք հաղթահարել ներկայիս դժվարությունները: Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տեր կկանգնենք մեր երկրին, մեր արժեքներին, մեր արժանապատվությանը:

Ես հավատում եմ Հայաստանի եւ Արցախի վերականգնմանը, վերածննդին:

Սիրելի ժողովուրդ, մենք հազարամյակներից եկող ժողովուրդ ենք, մենք ականատես ենք եղել եգիպտական բուրգերի կառուցմանը, հին Հռոմի վերացմանը, խաչակիրների արշավանքներին, հմաշխարհային պատերազմներին: Մենք մասնակից ենք եղել այդ բոլոր իրադարձություններին՝ մեծ ներդրում կատարելով այժմյան համաշխարհային քաղաքակևրթության մեջ: Մեզ վայել չէ այդ բարձունքից իջնել, թուլանալ, սահմանափակել մեր երազանքները: Մենք նորից ոտքի պետք է կանգնենք եւ շարունակենք առաջ գնալ:

Թող նոր՝ 2021 թվականը առողջություն, համերաշխություն եւ խաղաղություն բերի, թող լինի նոր հաղթանակների սկզբնավորման տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

  • Կիսվել: