ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ մուտք գործելիս կներկայացվի կորոնավիրուսի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

ՀՀ մուտք գործելիս կներկայացվի կորոնավիրուսի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ. հուլիսի 11-ը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են, և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։   

Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն՝ հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով: 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում՝ լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը:

Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: 

Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

ՊՇՌ հետազոտության և հնարավոր բուժման հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։

  • Կիսվել: