կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը 9000 եվրո կվճարի «Հայկական ժամանակ» օրաթերթին, 1500 եվրո՝ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին

ՀՀ կառավարությունը 9000 եվրո կվճարի «Հայկական ժամանակ» օրաթերթին, 1500 եվրո՝ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին

2021 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը երկու որոշում է հրապարակել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությանն առնչվող գործերով։

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը «Բարսեղյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին կվճարի 1500 եվրո։

Լևոն Բարսեղյանը ՄԻԵԴ է դիմել, քանի որ 2008 թվականի մարտի 2-ին ցանկացել է ցույց անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում, սակայն ոստիկանությունը դա նրան թույլ չի տվել։

««Դարեսկիզբ» ՍՊԸ-ն՝ ընդդեմ Հայաստանի» գործով «Հայկական ժամանակ» օրաթերթին ՀՀ կառավարությունը կվճարի 9000 եվրո։

«Հայկական ժամանակ» օրաթերթը վիճակարկել է արտակարգ դրության օրերին թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը, նաև պնդել, որ ներպետական ատյաններում խախտվել է արդար դատաքննության իրավունքը:

Նշենք, որ 2008 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր, ով այժմ ՀՀ կառավարության ղեկավարն է։

  • Կիսվել: