երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին․ Հայրապետյան

ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին․ Հայրապետյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր բողոքի նոտա է հղել Ռուսաստանի գործընկերներին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասով։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։

Պատգամավորը նշել էր, որ ռուսական պետական հեռուստաալիքներով շարունակում են վիրավորական արտահայտություններ հնչել, մինչդեռ ըստ համաձայնագրի՝ պետք է բացառվեն պետությունների, ժողովուրդների, ազգային արժեքների նկատմամբ վիրավորական տեքստերն ու արտահայտությունները։

«Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ փետրվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները։ Ըստ նրա՝ փետրվարի 27-ին ԲՏԱ նախարարությունում անցկացվել են խորհրդակցություններ, որոնց արդյունքում արձանագրվել է, որ խախտումները տեղի են ունեցել։

Նախարարը շեշտեց` հարցը զգայուն է, ամեն բան պետք է արվի՝ թույլ չտալու համար, որ այն քաղաքականացվի, նաև հավելեց, որ նամակ է հղել ռուս գործընկերոջը` ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Մաքսուտ Շադաևին՝ առաջարկելով անհապաղ խորհրդակցություններ անցկացնել՝ լինի դա Մոսկվայում, թե Երևանում։

«Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց, այնուամենայնիվ, խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում՝ անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին՝ արդյոք այդ փաստաթղթում արձանագրված սկզբունքներն ու դրանց պահպանումը վերախմբագրելու կամ լրամշակելու անհրաժեշտություն չունի»,- ասաց Հայրապետյանը։

Նա նաև հավելեց, որ հայկական կողմի դիրքորոշմամբ` փաստաթուղթը վերախմբագրման կարիք ունի։

«Մենք պետք է մասնագիտական դաշտում կոնսուլտացիաներ անենք և կառուցողական դաշտում աշխատենք մեր գործընկերների հետ։ Մյուս կողմից արձանագրում ենք, որ ՀՀ-ն չի կարող հանդուրժող լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումների հանդեպ, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»,-ասաց Հայրապետյանը:

  • Կիսվել: