երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
ԹՐԻՓՓ-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ նախագահ

ԹՐԻՓՓ-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ նախագահ

ԹՐԻՓՓ- ի շրջանակում մաքսային գործառույթներն ամբողջությամբ պետական սուվերենության տիրույթում են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով մաքսային գործընթացներում օպերատորի ներգրավմանը։

«Եթե բեռների մաքսային ձևակերպման ընթացքում ռիսկեր հայտնաբերվեն և զննման անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշումը կկայացնի բացառապես մաքսային ծառայության աշխատակիցը։ Մաքսային աշխատողն է այդ որոշում կայացնողը, և չի կարող ֆրոնտ օֆիսը այդպիսի որոշում կայացնել։ ՀՀ–ն պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները։ Այսինքն՝ նշանակում է՝ ռիսկերը մենք ենք վերլուծելու, զննումները մենք ենք անելու»,– հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը հավելեց, որ օպերատորի՝ ֆրոնտ օֆիսի գործառույթների հստակ շրջանակը դեռ քննարկման փուլում է և կամրագրվի համապատասխան պայմանագրով ու փաստաթղթով։

Հարցին` ինչո՞ւ է նախատեսվում միջազգային օպերատորի մասնակցությունը, եթե մաքսային ծառայությունն անցնում է թվայնացման, Հակոբյանը պատասխանեց, որ միջազգային օպերատորի ներգրավումը նաև վստահության հարց կլուծի։

«Դրա անհրաժեշտությունը ոչ ծանրակշիռ, բայց ինչ-որ չափով կա»,– ավելացրել է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նմանատիպ վստահության մեխանիզմ նախատեսվում է նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների անցուդարձի համար, Հակոբյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմի մաքսային աշխատանքի կազմակերպման մոդելից տեղյակ չէ։

ՊԵԿ նախագահը հավելեց, որ Հայաստանում մաքսային ծառայության թվայնացումը շարունակվում է՝ անկախ TRIPP-ի գործարկումից։ Մշակվում է նոր թվային հարթակ, որը պետք է ինտեգրվի e-Gate համակարգին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիների և մաքսային ծառայողների անմիջական շփումը։

  • Կիսվել: