կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում մեկնարկեց «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում մեկնարկեց «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը

Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում մեկնարկեց «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը, որին կարող են մասնակցել մարտական գործողություններին մասնակցած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներ՝ Երևանից և ՀՀ մարզերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կինոռեժիսոր, «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է մարտական գործողություններին մասնակցած կամ այդ գործողություններից ներազդված երիտասարդներին սովորեցնել կինոարտադրության ոլորտի մասնագիտություններ՝ տալով հնարավորություն ինտեգրվել բնականոն կյանքին, և հետագայում ապահովվել աշխատանքով:

 
 

 «Մենք կարծում ենք, որ կինոարտադրության ոլորտի մասնագիտությունների բավականին մեծ ռեզերվ կա, որը այստեղ սովորած երիտասարդները կարող են հանգիստ համալրել: Նախորդ տարի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն»-ում իրականացրած ծրագրի արդյունքները փաստում են, որ մեծ հետաքրքրություն կա ոլորտի նկատմամբ: Այս դասընթացին մասնակցելը հնարավորություն կտա մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին, որպեսզի կարողանան շատ արագ կերպով ինտեգրվել բնականոն կյանքին և հետագայում ապահովվել աշխատանքով: Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կինոարտադրության փորձառու մասնագետների հետ խորը ուսումնասիրել ոլորտը՝ ուսուցում, պրակտիկ դասընթացներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմի հետ, ֆիլմերի դիտում և քննարկում»,- ասաց նա :

 Կինոռեժիսորը ուրախությամբ նշեց, որ դասընթացի ավարտին մասնակիցները բոլորով միասին նկարում են  մեկ միասնական ֆիլմ, ինչն էլ ցույց է տալիս, թե ինչպես են յուրացրել մասնագիտությունը:

Նա ասաց, որ  կրթությունը տևելու է 3 ամիս, բայց այն շարունակական է լինելու: Դասերը լինելու են շաբաթական երեք օր: Դասընթացներն անցկացնում են կինոարտադրության ոլորտում կայացած և փորձառու մասնագետները: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է հավաստագիր, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած շրջանավարտներն ընդգրկվելու են մասնագիտական նախագծերում՝ ապահովվելով աշխատանքով:

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը նշեց, որ համագործակցության առաջարկին միանգամից համաձայնվել են, որովհետև շատ կարևոր ու արդիական ծրագիր է:

«Մենք խոսում ենք մի մասնագիտության մասին, որը այս պահին տղաներին  հնարավորություն կտա արագ աշխատատեղ և ֆինանսական որևէ ռեսուրս ունենալ: Նախագիծը  մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք ունեինք «Մի հերոսի պատմություն»  ֆիլմաշարի գաղափարը, որը ուզում էինք իրականացնել և ծրագրի գաղափարից հետո որոշեցինք, որ հենց տղաները կիրականացնեն այդ ֆիլմաշարը: Այս տարվա ծրագրի տարբերությունը նախորդ տարիներից այն է, որ «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը թույլ է տալու, որպեսզի այլ կենտրոնների շահառուները կարողանան մասնակցել ծրագրին և առհասարակ  ցանկացած անձ,  որը պատերազմի մասնակից է, կարող է մասնակցել ծրագրին»,-ասաց Սուրեն Արեենցը:

Նա կարևորեց այն, որ այս տարի զուգահեռ լինելու են նաև մարքեթինգային դասեր: Դա  հնարավորություն կտա տեղում լավ համակարգիչների,  մոնտաժային ծրագրերի և օպերատորական սարքավորումների կիրառմամբ լավագույն կրթությունը ստանալ: Դասավանդման ընթացքում տղաները կսկսեն ֆինանսավորող ընկերությունների համար անհրաժեշտ պրոդուկտի մշակում, իսկ ավարտելուց հետո կունենան նաև աշխատանքի հնարավորություն մի շարք խոշոր ընկերություններում:

  • Կիսվել: