ՀԲԸՄ և ՀԵԸ ներկայացուցիչներն այցելել են Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն
Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիրիայի շրջանային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերակցության գործադիր մարմնի անդամներն այցելել են Հալեպում տեղակայված ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն:
Այս մասին տեղեկացնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այցելությունը կազմակերպվել է Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից:
Հանդիպման ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության ՀԲԸՄ ատենապետ Ներսես Ներսոյանը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են և կլինեն սիրիական հասարակության անբաժանելի մասը: Նա անդրադարձել է Սիրիայի մշակույթի, արվեստի, գիտության և կրթության ոլորտներում հայ համայնքի և, մասնավորապես, ՀԲԸՄ ունեցած մեծ ավանդին:
Ներսես Ներսոյանը երախտագիտության խոսքեր է փոխանցել ՀԲԸՄ անունից՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքներն արժանացել են Սիրիայի ժողովրդի բարձր գնահատանքին:
Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանի խոսքով՝ հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից: Նա նշել է, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայի ժողովրդի հոգսերի կրճատմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայություններ տրամադրելուն: Պատվիրակության անդամներն այցելել են խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ: