երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայոց պատմության դասագրքում ոչ մի խոսք չկա Էրեբունու և Երևանի կապի, ժառանգականության մասին. Միքայել Բադալյան

Հայոց պատմության դասագրքում ոչ մի խոսք չկա Էրեբունու և Երևանի կապի, ժառանգականության մասին. Միքայել Բադալյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում Էրեբունու մասին մասին հատվածին։

 «Սիրելի բարեկամներ, ինձ ասում են 7-րդ դասարանի Հայոց պատմության աղմկահարույց և սխալաշատ դասագրքում ինչն է, որ այնպես չի գրված Էրեբունու մասին:

Հիմա փաստերով նշեմ, թե ինչ է գրված Էրեբունու մասին: Ընդամենը մի քանի տող: Նախ, հեղինակը մոռացել է Արգիշտիի կառավարման տարեթվերից առաջ գրել Ք. ա., և, որքան գիտեմ, հիմա շատ դպրոցականներ արդեն իրենք են դասագրքում մատնացույց անում նման սխալներ:

Հեղինակն Էրեբունու մասին նշում է ընդամնը հետևյալը: Մեջբերում եմ՝ «-Ք. ա. 782 թ. Արգիշտիի զորքերն անցան Արաքս գետը, հաստատվեցին Սևանի ավազանում: Այս տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի քաղաք-ամրոցը»:

Եվ վերջ: Նախ, տեքստը կարդալիս թյուր տպավորություն է ստեղծվում, թե Արգիշտի արքան Էրեբունին հիմնադրել է Սևանի ավազանում: Մինչդեռ Էրեբունին հիմնադրվել է Արարատյան դաշտում: Բայց, ամենակարևորը, ոչ մի խոսք՝ Էրեբունու և Երևանի կապի, ժառանգականության մասին, ոչ մի խոսք: Էլ չխոսեմ, որ դասագրքի սխալներով հագեցած արդեն քաջ հայտնի քարտեզում ևս չկա Էրեբունին:

Բայց ցավալին այն է, որ դասագրքի հեղինակը 50-րդ էջում ցույց է տալիս Ուրարտուի և այսօրվա կապը, նշում, որ այսօր որոշ մարդիկ իրենց նորածինների անունները դնում են ուրարտական արքաների անուններով, ֆուտբոլային ակումբներ և խանութներ են անվանվում Ուրարտու, մարդիկ զարդեր և կենցաղային իրեր են պատրաստում ուրարտական դեկորատիվ կիրառական արվեստի և ճարտարապետության տարրերի կիրառմամբ: Սակայն, ոչ մի տող՝ Էրեբունու և Երևանի կապի մասին: Որ ամեն տարի նշվում է Էրեբունի-Երևան տոնակատարությունը, երևի այդ մասին նպատակահարմար չի եղել նշել: Բայց, ասենք՝ իր կողմից ենթադրությունները փաստեր հրամցնել ու հարեմի մասին գրել կարելի էր:

Հիմա՝ ինչին է Էրեբունի-Երևան կապը չնշելը ջուր լցնում, թողնում եմ ողջամիտ դատողությունների: Հիշենք, թե ովքեր են ամեն կերպ փորձում Երևանը ներկայացնել առանց Էրեբունու ու իր հնագույն անցյալի:

Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Անդրեասյանի և գիտնականների հետ տեղի ունեցած հանդիպումից անցել է արդեն մեկ ամիս:

Հանդիպման ժամանակ նշվեց, որ Սմբատ Հովհաննիսյանը պետք է աղյուսակի տեսքով ներկայացնի, թե ավելի քան 60 էջ մասնագիտական դիտողություններից որոնք է ընդունում և որոնք՝ ոչ: Եվ եթե չի ընդունում, ապա մատնանշվի, թե ինչու, որովհետև իր չընդունելը դեռ հիմք չէ:

Բացի այդ, նույնկերպ պետք է լիներ երրորդ անաչառ կողմի կարծիքը: Չգիտեմ՝ ովքեր են լինելու այդ երրորդ կողմի անաչառ ներկայացուցիչները, որոնց որպիսությունը պահվելու է գաղտնի պայմաններում, բայց ինքս սպասում եմ: Հուսամ՝ կարծիքները կլինեն մոտ օրերս, այլ ոչ թե մի քանի ամսից»,- գրել է նա։

  • Կիսվել: