Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև վարձատրության տարբերությունը 40.7 տոկոս է
Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև վարձատրության տարբերությունը շարունակում է արդիական մնալ․ ամենաթարմ՝ 2023-ի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձի գենդերային խզվածքը 40,7 տոկոս է։ 2023-ին կանանց միջին աշխատավարձը 203,000 դրամ էր, տղամարդկանցը՝ 342,000 դրամ։ Այսպիսի տվյալներ է բերում ՀՀ վիճակագրական կոմիտեի Հայաստանի կանայք և տղամարդիկ 2024-ի զեկույցը, գրում է civilnet.am-ը:
Ինչ է կանանց և տղամարդկանց միջև վարձատրության տարբերությունը և ինչ պատկեր է Հայաստանում
Կանանց և տղամարդկանց միջև վարձատրության տարբերությունը նշանակում է այն միջին եկամուտների տարբերությունը, որը գոյություն ունի կանանց և տղամարդկանց միջև՝ անկախ աշխատանքային ժամերից, մասնագիտությունից կամ փորձից։ Սովորաբար այս ցուցանիշը արտահայտվում է տոկոսով՝ ներկայացնելով, թե որքանով են կանանց աշխատավարձերը պակաս տղամարդկանց աշխատավարձերից։
Օրինակ, եթե Հայաստանում կանայք միջինում ստանում են 203,000 դրամ, տղամարդիկ՝ 342,000 դրամ, վարձատրության տարբերությունը կկազմի 40,7 տոկոս։ Այսինքն, կանայք ստանում են միջինում 40,7 տոկոսով պակաս աշխատավարձ, քան տղամարդիկ։
Պետական սեկտորում 2023-ին կանանց միջին աշխատավարձը 179,000 դրամ էր, տղամարդկանցը՝ 268,000՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։
Ըստ Staff.am-ի «ՀՀ Աշխատաշուկա 2024» զեկույցի՝ ամենաբարձր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու կապը, ֆինանսաբանկային ոլորտն ու հանքարդյունաբերությունը, տղամարդկանց աշխատավարձը զգալի բարձր է կանանց վճարվող աշխատավարձից։ Տարբերությունը հատկապես արտահայտված է ֆինանսական ոլորտում՝ կազմելով մոտ 66 տոկոս։ Մյուս ոլորտներում՝ ՏՏ ու կապ, կազմում է 40,7%, իսկ հանքարդյունաբերությունում՝ 30%:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: